Սկանդալները սրանով չեն ավարտվելու..բարդ ու վտանգավոր խաղ Հայաստանի համար

Լուկաշենկոյի այդ ասուլիսում Հայաստանը զբաղեցնում էր կենտրոնական տեղ, ինչը մի կողմից կարող է զարմանալի թվալ, մյուս կողմից պետք է նկատի առնել եվրասիական բլոկներում տիրող հարաբերությունների ներկայիս վիճակը եւ Հայաստանի պահանջներն այդ բլոկներից:
Լուկաշենկոն իհարկե շեղում է հարցը, քանի որ վերջին տարիներին Ռուսաստանը կարծես թե սպառազինություն չի մատակարարում Ադրբեջանին, եւ նրա տեղը փորձում է զբաղեցնել Բելառուսը: Միեւնույն ժամանակ, Բելառուսը եվրասիական բլոկներում զգալի լոբբինգ է անում Ադրբեջանի համար, ընդհուպ մանրամասն Բաքվին տեղյակ պահելով ներքին խոհանոցից:
Լուկաշենկոյի այդ ասուլիսից պարզ երեւաց, որ նա որոշակի քաղաքական պարտավորություններ է ստանձնել Ադրբեջանի հանդեպ, մասնավորապես Արցախի հարցում, եւ առայժմ չի կարողանում դրանք իրականացնել այդ թվում Հայաստանի դիրքորոշման պատճառով: Զուր չէ, որ Լուկաշենկոն անընդհատ արդարանում է Ադրբեջանի, իսկ վերջերս նաեւ՝ Թուրքիայի առաջ, որից նույնպես սկսել է որոշակի տնտեսական օգուտներ կորզել:
Սա առաջին ուղղությունն է: Երկրորդ ուղղությունը կապված է եվրասիական բլոկներում Ռուսաստանի գերակայությունը չեզոքացնելու հետ, ընդ որում՝ փորձ է արվում դա իրականացնել Հայաստանին ու Ռուսաստանին հակադրելու եւ ստեղծված իրավիճակը Երեւանի վրա բարդելու միջոցով: Այս հարցում Բելառուսը սերտ համագործակցում է Ղազախստանի հետ, որն իր հերթին Ռուսաստանին սպառնում է ԵԱՀԿ-ի ձեւաչափով կենտրոնասիական կազմակերպություն կամ նույնիսկ անվտանգության բլոկ՝ ՀԱՊԿ-2 ստեղծելու մտադրությամբ, որտեղ բնականաբար առաջատարը լինելու է Աստանան:
Ի դեպ, երեկ բելառուսական թերթերը հրապարակել են «արտահոսք» Լուկաշենկոյի փակ խորհրդակցության մասին, ըստ որի՝ քննարկվել է Բելառուսի անկախության պահպանման հարցը: Դատելով այդ երկրում մամուլի ազատության աստիճանից, այդ արտահոսքը տրամադրվել է իշխանության բարձրագույն օղակներից:
ԱՊՀ ու ՀԱՊԿ նիստերում սկանդալները երեւում է սրանով չեն ավարտվելու, խաղասեղանին հարցերի մի բարդ ու բազմաշերտ փաթեթ է, որոնք վերաբերվում են հարաբերությունների ողջ համալիրին:
Այս փաթեթում է նաեւ Արցախի խնդիրը, որը փորձ է արվում դուրս բերել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից, դրա մասին Լուկաշենկոն պարզ խոսեց իր ասուլիսի ժամանակ, եւ այստեղ կարող է լինել նաեւ Ռուսաստանի շահագրգռությունը: