Բավականին աղմկոտ անցյալ ունեցող Արշակ Կարապետյանը պատահական մարդ չէ,պրիլյան պատերազմի այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատուն
Դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Բանն այն է, որ Արշակ Կարապետյանը պատահական մարդ չէ և բավականին աղմկոտ անցյալ ունի: Արշակ Կարապետյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը: Կոչումով գեներալ-մայոր է: Կարապետյանն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի որոշմամբ պաշտոնանկ արվեց:
Վարչապետի մամուլի խոսնակը հաստատել է տեղեկությունը, որ խոսքը նույն Արշակ Կարապետյանի մասին է: Այդ օրերին ակտիվ քննարկվեց, որ Կարապետյանին հեռացրել են աշխատանքի և պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով։ Կարծիք կար, որ նրա ղեկավարած կառույցը ժամանակին չի կարողացել տեղեկացնել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին, ինչն էլ հանդիսացավ ապրիլյան պատերազմի ընթացքում մեծաթիվ զոհերի պատճառ։ Այս տեղեկությունը պետական մակարդակով չմեկնաբանվեց: Կարապետյանը մինչև 2018 թվականը համակարգում որևէ պաշտոն չէր զբաղեցնում: 2018 թվականի փետրվարին, սակայն, նա նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ: Եվ ահա այդ նշանակումից մեկ տարի էլ չանցած՝ նա պաշտոն է ստանում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում:
Արշակ Կարապետյանի անցյալի աղմկոտ դրվագներն այսքանով չեն եզրափակվում: Դեկտեմբերի 17-ին Factor.am-ն անդրադարձել էր 0038 հույժ գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմին: Նշվել էր, թե այդ վարչակազմի անդամները նոր իշխանությունների օրոք ինչ գործունեություն են ծավալում: Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր նաև Արշակ Կարապետյանը:
2008 թվականին պաշտպանության նախարարի 0038 հրամանով նա նշանակվել էր վարչակազմի պետի հատուկ հանձնարարությունների գծով տեղակալ: Ի դեպ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այս նշանակմանը և նշել, որ 2016 թվականին Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչությունը տեղյակ չի եղել, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է կամիկաձե դրոններ։ «Ինչի հետևանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին։ Ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ։ Մինչդեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եզրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար»,- գրել է նա։ Իսկ ահա «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այս նշանակման կապակցությամբ հետևյալ գրառումն է կատարել․ «ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ո չմի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»։