Ակցիան շարունակվում է.Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի չեն.Գլխավոր դատախազ
Գլխավոր դատախազության մոտ Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիա իրականացնողների մոտ իջավ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Դավթյանը հայտարարեց, որ ստացել են դատական ակտը, համաձայն չեն դրա հետ և պատրաստվում են իրենց հիմնավորումներով բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են, որ այն արդեն այսօր այն մուտք արվի դատարան:
Ինչ վերաբերում է կայանալիք նիստի օրվան, Գլխավոր դատախազը հայտարարեց, որ օրենքով Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի քննությունն իրականացնում է նյութերը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում:
Հարցին, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը, Դավթյանն ասաց, որ որոշումը հիմնավորվել է հիվանդությամբ: Կալանքի հիմքեր դատարանը տեսել է, սակայն գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխպարինել կալանքին, որի հետ դատախազությունը համաձայն չէ:
Դատախազը չի կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչը, սակայն իրենք գտնում են, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ դատարանը հանրային ճնշման ներքո ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն ցանկանում, որ Մանվել Գրիգորյանն Ամանորին ազատության մեջ լինի, Դավթյանը հայտարարեց, որ խոսքը վերաբերում է իրավական գործընթացներին, դատարանն անկախ մարմին է և դատարանի նկատմամբ ազդեցությունն անթույլատրելի է, սակայն դատարանը կարող է հաշվի առնելով իրավիճակը, նիստը կայացնի հնարավորինս արագ, օրինակ մեկ օրվա մեջ:
Եթե հաշվի առնենք այն, որ բողոքը մուտք է արվելու այսօր, նիստը հնարավոր է կայանա արդեն վաղը:
Քաղաքացիները դատախազի հետ հանդիպումից հետո որոշեցին առանց փողոցներ փակելու շարժվել դեպի Վերաքննիչ դատարան և շարունակել իրենց ակցիաները՝ ճնշում գործադրելով դատարանի վրա: