Ղազախստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է երկրի ՆԳ-ի նախարարի հետ
Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովը հանդիպել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, հաղորդում է Tengrinews.kz –ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Տեղեկացվում է, որ ՆԳՆ ղեկավարը եւ Հայաստանի դեսպանը մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարում, հասարակական կարգի եւ հանրային անվտանգության ապահովման գործում հայ-ղազախական համագործակցության վիճակի եւ հեռանկարների շուրջ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ամրապնդել երկկողմ համագործակցությունը շահագրգիռ ուղղություններով: Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպումը կայացել է փոխըմբռնման եւ կառուցողական երկխոսության մթնոլորտում:
Հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն էր արել հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ, որի արդյունքում մի տղամարդ էր զոհվել, երեքը վիրավորվել:
Հունվարի 7-ին երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խոսել էր Կարագանդայում իրավիճակի մասին: Նրա խոսքերով, Հայաստանում հայտնվել են առանձին հայտարարություններ, որոնք հաշվի չեն առնում ո՛չ երկրի պաշտոնական դիրքորոշումը, ո՛չ էլ Կարագանդայում ապրող իրենց հայրենակիցների համար տվյալ հարցի չափազանց զգայուն բնույթը: