Փաշինյանը ավագանու անդամների հասցեին նախատինքի խոսքեր չի հնչեցրել. Խմբակցության հայտարարությունը
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքապետարանի ղեկավարության եւ ավագանու անդամների հասցեին նախատինքի խոսքեր հնչեցնելու մասին տեղեկությունը:
Այս մասին ասված է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ: «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների եւ քաղաքապետարանի ղեկավարության հասցեին: Ըստ լրատվամիջոցի՝ Ն. Փաշինյանն իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու եւ երեւանցիների դժգոհությունը հարուցելու համար:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է այս տեղեկությունը՝ փաստելով, որ ներկայացվածն աղերս չունի իրականության հետ։
«Այսօր մի շարք լրատվական միջոցներ տարածել են «Ժամանակ» թերթի հրապարակած նյութն առ այն, որ դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ, իբր «նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների եւ քաղաքապետարանի ղեկավարության հասցեին եւ իր կուսակիցներին մեղադրել քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու մեջ»:
Հաստատում ենք, որ հունվարի 8-ի երեկոյան կայացել է Երեւանի ավագանու ընտրություններից հետո առաջին նմանատիպ ներթիմային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ավագանու դերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության հետ աշխատանքի եւ թիմի ընդհանուր տեսլականի շուրջ»: