Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 հուն 2019 18:30

Հրազդանում 18-ամյա 2 երիտասարդ փայտե մահակով ու էլեկտրաշոկերով հարձակվել են նախկին գործատուի վրա

Հրազդանում 18-ամյա 2 երիտասարդ փայտե մահակով ու էլեկտրաշոկերով հարձակվել են նախկին գործատուի վրա1in.am-ը գրում է․
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Վահան Հակոբյանի և Ստյոպա Խաչատրյանի գործի դատական քննությունը:
18-ամյա Վահանին ու Ստյոպային մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:
Հրազդանցի ընկերներ Վահանն ու Ստյոպան, ըստ դատական ակտի, նախնական համաձայնության էին եկել նույն քաղաքում ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող Տիգրան Բ.-ի մոտ առկա գումարը հափշտակելու նպատակով նրա վրա ավազակային հարձակում գործելու վերաբերյալ:
2017 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Հրազդանի Միկրոշրջան թաղամասում՝ տուժողի շենքի մուտքում նրանք հարձակվել են Տիգրան Բ.-ի վրա, նրան վայր գցելու և գիտակցությունից զրկելու նպատակով իրենց կողմից նախապես ձեռք բերված ու որպես զենք օգտագործվող առարկաներով՝ փայտե մահակով ու էլեկտրահարող սարքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել. Վահան Հակոբյանը փայտե մահակով հարվածել է Տիգրան Բ.-ի ուսագոտու և պարանոցի հատվածին, իսկ Ստյոպա Խաչատրյանը էլեկտրահարել է նրան, բայց չեն կարողացել վայր գցել, գիտակցությունից զրկել ու հափշտակել նրա մոտ եղած 450 հազար դրամը:
Վահանն ու Ստյոպան դիմել են փախուստի:
Դատարանում Վահան Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը կեսօրին ինքն ու Ստյոպան գնացել են Տիգրան Բ.-ի վաճառակետ ու խնդրել են, որ նա վճարի Ստյոպայի՝ 2016 թվականին այնտեղ աշխատած ժամանակահատվածում չվճարված աշխատավարձը՝ 50 հազար դրամը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության:
Իմանալով՝ երեկոյան Տիգրան Բ.-ն երբ է աշխատանքից տուն գնում, իրենք վերցրել են մահակ և էլեկտրաշոկեր, թաքնվել են նրա շենքի մուտքում: Երբ տեսել են Տիգրանին, հարվածել են ու դիմել են փախուստի: Իրենք գումար հափշտակելու դիտավորություն չեն ունեցել, ցանկացել են միայն ծեծել Տիգրանին:
Վահան Հակոբյանը նշել է, թե նախաքննական ցուցմունքները գրել են ինչ-որ ոստիկանի թելադրանքով, նա հավատացրել է, թե ամեն բան լավ կլինի, վերջինիս տվյալները չգիտեն, չեն կարող հայտնել:
Ստյոպա Խաչատրյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2016 թվականին դասերից հետո աշխատել է Տիգրան Բ.-ի մոտ, բացի այդ՝ նա մեկ այլ վայրում շինարարություն էր կատարում, ինքը 5 հազար դրամ օրավարձով շինարարական աշխատանքներ է կատարել: Իր կատարած աշխատանքների դիմաց Տիգրանն իրեն պարտք է մնացել 50 հազար դրամ…
Դեպքի օրն ինքն ու Վահանը գնացել են Տիգրանի վաճառակետ, ինքը պահանջել է իրեն չվճարված գումարը, բայց Տիգրանը հայհոյել ու պահանջել է այդ հարցով այլևս չմոտենալ: Իրենք էլ դարանակալել են նրա տան շքամուտքում, հարվածել են նրան: Առաջին հարվածից հետո հեռացել են, չնայած հնարավորություն ունեին էլի հարվածելու, բայց չեն հարվածել: Եթե նպատակ ունենային ավազակային հարձակում գործել, դիմակներ կկրեին ու մի քանի անգամ կհարվածեին, մինչև նա ընկներ… Նախաքննական ցուցմունքները գրել են ինչ-որ ոստիկանի թելադրանքով՝ նա ասել է, թե այդպես գրելու դեպքում ամեն բան լավ կլինի, իրենք էլ հավատացել են: Այդ ոստիկանի տվյալները չգիտեն:
Ստյոպա Խաչատրյանը պնդել է, որ իրենք ավազակային հարձակում չեն գործել, իսկ Տիգրանը չի ընդունում, որ իրեն գումար է պարտք, որովհետև անհարմար է զգում՝ 14 տարեկան երեխային աշխատեցրել ու գումարը չի տվել:
Դատարանը ամբաստանյալների դատաքննական ցուցմունքները գնահատել է ոչ արժանահավատ:
Նախաքննական ցուցմունքում Վահան Հակոբյանը հայտնել է, թե Ստյոպան 2017 թվականի նոյեմբերին աշխատել է պիցերիայում՝ որպես վարորդ-առաքիչ, վթարի է ենթարկել գործատիրոջը պատկանող «Սուբարու» մեքենան, որը նորոգելու համար անհրաժեշտ է եղել 200 հազար դրամ:
Ինքն ու Ստյոպան որոշել են, որ մեքենայի նորոգման համար անհրաժեշտ գումարը կարող են ձեռք բերել Տիգրան Բ.-ի վրա հարձակում կատարելով: Երկու տարի առաջ Ստյոպան շուրջ 7-8 ամիս աշխատել էր Տիգրանի վաճառակետում ու տեսել էր, որ նա ամեն օր աշխատանքից հետո գնում է խանութի հետևի շենքում գտնվող իր տուն: Ինքը մինչ այդ գնել էր էլեկտրաշոկեր՝ ո՛չ հանցանք գործելու նպատակով: Տանը ուներ նաև փայտե մահակ: Ստյոպայի հետ որոշել են հարձակումը կատարել էլեկտրաշոկերի ու մահակի գործադրմամբ…
Հարձակման պահին իր մոտ եղել է մահակը, Ստյոպայի մոտ՝ էլեկտրաշոկերը: Իրենք շարֆերով փակել են իրենց քիթուբերանը, որ Տիգրանն իրենց չճանաչի: Թաքնվել են նրա շքամուտքի դռների հետևում: Երբ Տիգրանը մենակ մտել է մուտք, ինքը դուրս է եկել դռների հետևից ու մահակով հարվածել է նրա պարանոցին, բայց հարվածը թույլ է ստացվել՝ Տիգրանի հագին հաստ վերարկու և գլխարկ կային, ինչի պատճառով իր հարվածը նպատակին չի ծառայել՝ նա վայր չի ընկել, գիտակցությունը չի կորցրել: Որքանով ինքը նկատել է՝ Ստյոպան Տիգրանի վրա է պահել էլեկտրաշոկերը, որը կայծեր է հանել: Նա էլեկտրաշոկերով չի հարվածել Տիգրանին: Ուղղակի, երբ իր հարվածից հետո Տիգրանը շրջվել է իրենց կողմը, Ստյոպան էլեկտրաշոկերը պահել է նրա ուղղությամբ, որ նա չմոտենա: Երբ տեսել են, որ չհասան իրենց նպատակին ու չեն կարող հափշտակել Տիգրանի մոտի գումարը, դիմել են փախուստի, իսկ Տիգրանը հետևից հայհոյել է իրենց:
Գնացել են իրենց տուն, տարել են նաև մահակն ու էլեկտրաշոկերը: Գիշերել են իրենց տանը, իսկ առավոտյան եկել են ոստիկանները, իրենց տարել են ոստիկանություն, որտեղ իրենք խոստովանել են կատարածը: Ինքը ոստիկաններին ուղեկցել է իրենց տուն, պահած տեղից հանել ու հանձնել է մահակն ու էլեկտրաշոկերը: Դրանք առգրավվել են:
Ամբաստանյալները նշել են, որ Տիգրան Բ.-ի հետ իրենք պարտքուպահանջ չեն ունեցել, աշխատանքից դուրս են եկել իրենց ցանկությամբ:
Ստյոպա Խաչատրյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Վահանն ընդունել է, որ էլեկտրաշոկերը գնել են միասին՝ Տիգրանի վրա հարձակում գործելու ժամանակ օգտագործելու նպատակով:
Տուժող Տիգրան Բ.-ն հայտնել է, թե ճանաչում է Վահան Հակոբյանին ու Ստյոպա Խաչատրյանին՝ նրանք աշխատել են իրեն պատկանող շինանյութերի խանութում՝ աշխատանքը գրանցված չի եղել, նրանք հստակ ռեժիմով չեն աշխատել, աշխատանքի են եկել դասերից հետո: Նրանց վճարել է օրավարձով, աշխատավարձի պարտք չի ունեցել, նրանց աշխատելու ընթացքում դրամարկղից գումար չի պակասել, ինքը նրանց հետ որևէ խնդիր չի ունեցել:
Դեպքի օրը աշխատանքն ավարտել ու սովորական ժամին գնացել է տուն: Մտել է մուտք ու հետևից՝ մեջքի շրջանում, հարված է զգացել: Կարծել է՝ ձողով հարվածեցին, անմիջապես շրջվել է, ինչ-որ կայծեր է նկատել, մտածել է, որ էլեկտրաշոկերով են հարվածել: Հարվածից թևը մի քիչ թուլացել է: Ինքը նկատել է փախչող տղաների: Արտաքին տվյալներից ճանաչել է, որ հարձակվողները Վահանն ու Ստյոպան էին: Չի կարող ասել՝ նրանցից ով՝ ինչ գործողություն է կատարել: Կամ՝ ինչ նպատակով են հարձակվել, միայն հաստատապես գիտի, որ նրանց պարտք չէ, նրանց հետ թշնամություն չի ունեցել: Այդ օրն իր մոտ շուրջ 400 հազար դրամ կար՝ առևտրից գոյացած գումարն էր:
Տուժողը նշել է, որ ամբաստանյալների դեմ բողոք, պահանջ չունի, խնդրում է նրանց նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
Դատարանը Վահան Հակոբյանին ու Ստյոպա Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով ու յուրաքանչյուրին դատապարտել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր