«Սուրբ Ասվածամայր» ԲԿ-ում 1 օրում 2 երեխա է մահացել

Վերջինս իր վրդովմունքը հայտնեց Առողջապահության նախարարության նկատմամբ, որը հիվանդանոցները չի ապահովում անհրաժեշտ դեղորայքով, ինչի հետևանքով տարբեր հիվանդանոցներում երեխաների մահվան դեպքեր են գրանցվում․
«Երեխան՝ Կամո Մարտիրոսյանը, 38 աստիճան տաքությամբ տեղափոխվել է «Սուրբ Ասվածամայր» ԲԿ։ 2 օր վերակենդանացման բաժանմունքում պարալիզացված վիճակում է գտնվել, չի շարժվել։ Միայն երեկ բժիշկները հասկացան՝ մի դեղ կա, որը հնարավոր է օգնի, սակայն չկա Հայաստանում։ Ռուսաստանում գտնվող բարեկամները գտել, ուղարկել էին դեղը, բայց մինչև գնացել են օդանավակայան վերցնելու, զանգել-ասել են՝ երեխան մահացել է։ Առողջապահության նախարարությունը ոչ մի դեղ չունի, ասում են՝ դրսից բերեք, բայց մինչև բերում ես՝ ուշ է լինում։ Մինչև հիմա բժիշկները ոչ մի բան չեն ասել, անգամ չենք իմանում, թե ինչ խնդիր է եղել երեխայի մոտ։ Ենթադրում ենք H1N1 տարածված վիրուսն է պատճառը»,- ասաց փոքրիկի հարազատը՝ ցավով նշելով, որ պարզապես ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ չեն կարողանում փրկել երեխաներին։
Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստացանք նաև «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանից։ Վերջինս հերքեց երեխայի մոտ H1N1 վիրուսի առկայության մասին կասկածները։
«Երեխան 3 օր տանը գտնվել է հիվանդ վիճակում, արդեն 39 ջերմաստիճանով, բոլոր ծայրանդամները պարալիզացված, ոչ թև, ոչ ոտք չի շարժել, թուլացած վիճակում ընդունվել է միանգամից վերակենդանացման բաժանմունք։ Նա հիվանդանոց է ընդունվել է ծանր վիրուսային ախտահարում՝ ուղեղի և ողնուղեղի բորբոքումով, ինչը հանգեցրել է մահվան։ Արհեստական շնչառական ապարատին է միացվել և համապատասխան բոլոր գործողություններն իրականացվել են, բոլոր դեղերը ստացել է։ Նրա մոտ խոզի գրիպ և առհասարակ գրիպ չի եղել։ Իմունոգլոբին դեղը Հայաստանում չկա, ծայրահեղ դեպքում, եթե ծնողները պատրաստակամ են գտնել, բերել այլ երկրից՝ բերում են, բայց աշխարհում կան շատ դեղամիջոցներ, որոնք տարբեր երկրներում գրանցված չեն և ենթակա չեն վաճառքի, եթե երկրում ընդունված չէ»,- ասաց Դալլաքյանը՝ նշելով, որ ծնողը մշտապես երեխայի կողքին է եղել և տեղեկացվել է, թե ինչ վիճակում է գտնվում։
Նրա խոսքով՝ երեխային հիվանդանոց են բերել ծայրահեղ ուշ․ «Սրա համար ենք մշտապես ասում՝ շուտ դիմեք բժշկի օգնությանը, որպեսզի նման դեպքեր չլինեն»։
Նշենք, որ նույն հիվանդանոցում հունվարի 15-ի առավոտյան ևս մեկ երեխայի մահվան դեպք է գրանցվել, այս անգամ՝ 12 տարեկան։ Բժշկական կենտրոնի տնօրենը պարզաբանեց՝ երեխան մանկատան սան է եղել՝ ի ծնե խնդիրներով․ «Երեխան երկար տարիներ խնդիրներ է ունեցել։ Պարազլիզված վիճակում էր, ողնաշարը ծռված, թոքերի խռոնիկական բորբոքումով, որը տարիներ շարունակ բուժումներ է ստացել։ Սակայն այս դեպքը ևս կապ չունի H1N1-ի, բժշկական կենտրոնի կամ Առողջապահության նախարարության աշխատանքի հետ»,- նշեց «Սուրբ Ասվածամայր» ԲԿ-ի տնօրենը։