Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

17 հուն 2019 10:35

Իրանի ԶՈՒ շտաբի պետի կողմից Բաքվում կատարված ադրբեջանանպաստ հայտարարությունը կապ չունի Կոնջորյանի հետ

Իրանի ԶՈՒ շտաբի պետի կողմից Բաքվում կատարված ադրբեջանանպաստ հայտարարությունը կապ չունի Կոնջորյանի հետՀունվարի 16-ին տեղեկատվություն տարածվեց Իրանի ԶՈՒ շտաբի պետի կողմից Բաքվում կատարված ադրբեջանանպաստ հայտարարության մասին: Որոշ լրատվականներ և փորձագետներ կապեցին դա Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ-ում կատարված հայտարարության հետ, իսկ որոշները պնդեցին, որ իրանցի զինվորականը նման հայտարարություն չի արել: Սակայն հայտարարությունը եղել է, և դա կապ չունի Կոնջորյանի հետ:
Իրողությունը
Հունվարի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ի թիվս այլի, հայտարարեց, որ «մենք (Հայաստանը,- խմբ.)շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. միայն մեր հարևաններից Վրաստանի Հանրապետությունն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»: Կոնջորյանի այս հայտարարությանը հաջորդեց բուռն քննադատություն, որի կիզակետում Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ մտահոգությունն էր:
Նույն օրը Բաքվում գտնվող Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Խուսեին Բաղերին, ըստ Ադրբեջանի նախագահականի պաշտոնական կայքի, հայտարարել է, որ «Իրանը ադրբեջանական տարածք է համարում Լեռնային Ղարաբաղը, սատարում ու սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և այս հարցում միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին»:
Կապ չունի Կոնջորյանի հետ
Հայկական որոշ լրատվական կայքեր ու բլոգերներ կարծիք հայտնեցին, որ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը Թեհրանի պատասխանն էր Կոնջորյանի հայտարարությանը:
Այսպիսով, Կոնջորյանի ելույթը Հայաստանի Ազգային ժողովում եղել է ժամը 11:20-ին: Ադրբեջանի նախագահի կայքում մամուլի հաղորդագրությունը հայտնվել է մեկ ժամից՝ 12:20-ին: Իրանական պետական լրատվամիջոցը հանդիպման մասին գրել է ժամը 12:31-ին: Եթե հաշվի առնենք, որ մամուլի հաղորդագրության պատրաստումը (թե՛ Բաքվում և թե՛ Թեհրանում) առնվազն մեկ ժամ է պահանջում, ապա կստացվի, որ Ալիև-Բաղերի հանդիպումը ավարտվել է ոչ ուշ, քան 11:30-ին և սկսվել ոչ ուշ, քան 11:00-ին:
Եթե դրան գումարենք Կոնջորյանի ելույթի (թեկուզ ամենաօպերատիվ) թարգմանությունը, դրա արձագանքի հետ կապված որոշման ընդունումը, ապա կստացվեր, որ այն պետք է տեղի ունեցած լիներ ոչ ուշ, քան առավոտյան ժամը 10-ը, որպեսզի այդ մասին զեկուցվեր գեներալ Բաղերիին նախքան Ալիևի հետ հանդիպումը: Իսկ Կոնջորյանի ելույթը, ինչպես նշեցինք, եղել է ժամը 11:20-ին:
Հայտարարությունը իրոք եղել է
Որոշ լրատվական կայքեր, հղում անելով Ադրբեջանի նախագահի կայքի ռուսալեզու տարբերակի վրա, պնդեցին, որ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարության մասին հրապարակումները սուտ են, քանի որ կայքում դրանց մասին խոսք չկա:
Սակայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջն ամբողջությամբ չի թարգմանվում ռուսերեն: Կայքի ադրբեջաներեն տարբերակում գեներալ Մուհամեդ Խուսեին Բաղերիի խոսքերի մեջբերում իրոք կա: Ավելին, Իրանական պետական կայքերը ևս հայտնել են, որ գեներալը հայտնել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը Իրանի աջակցության մասին»:
Ու թեև իրանական լրատվամիջոցներում հրապարակված հաղորդագրության մեջ «սահմանների բռնի փոփոխության» մասին խոսք չկա, սակայն դա չի նշանակում, որ նման հայտարարություն չի արվել:  Բաքվի և Թեհրանի մամուլի հաղորդագրություններում շոշափված (մեջբերված) են Ալիև-Բաղերի հանդիպման ժամանակ քննարկված տարբեր հարցեր: Ամեն կողմը հանրությանը ներկայացրել է քննարկման իր համար առավել ձեռնատու հատվածը:
Այդպես, օրինակ հունվարի 15-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման մասին Երևանի և Թբիլիսիի մամուլի հաղորդագրությունները տարբերվում են. հայկական հաղորդագրության մեջ կան Վրաստանի վարչապետին վերագրվող բառեր, որոնք չկան վրացական հաղորդագրությունում: Բայց քանի որ այդ տեղեկությունը հերքված չէ, որևէ հիմք չկա կասկածելու, որ Վրաստանի վարչապետն իրոք ասել է դա:

Հավելենք, որ ադրբեջանանպաստ հայտարարության հեղինակ, Իրանի Զինված ուժերի շտաբի պետը ծնունդով իրանական Ադրբեջանից է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր