ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատանքի կընդունվեն հաշմանդամ զինծառայողներ. Արմեն Սարգսյան
Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով նախագահական նստավայրում պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում շնորհավորեց բանակի օրվա առթիվ:
«Մեր բանակի ծնունդը պարզ չի եղել, կարծում եմ՝ բանակի ծնունդը կարելի է նմանել Վահագնի ծնունդին, հայկական բանակը ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար, և ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, որ կազմավորումից կարճ ժամանակ անց ՀՀ բանակը դարձավ տարածաշրջանում ամենակազմակերպված, մարտունակ բանակը, և մենք ունեցանք բազում հաղթանակներ և լեգենդար հերոսներ:
Հանրապետության նախագահը նշեց, որ նոր ժամանակների բանակը՝ որպես կյանքի ինքնատիպ դպրոց և համալսարան, պետք է նաև դաստիարակի ժամանակի քաղաքացուն. բանակն իսկապես հասարակության հայելին է:
«Բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն իր սեփական պաշտպանությանը, այլ նաև մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը` սերտորեն համագործակցելով գիտական մարմինների, գործարար շրջանակների և բոլոր այն քաղաքացիների հետ, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ: Բանակի և զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է. բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսևորվել է առանձնահատուկ սրտացավությամբ, հոգատարությամբ և սիրով»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, որ նախագահի ինստիտուտը նախատեսել է իրականացնել «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և հաշմանդամություն են ձեռք բերել:
Նա նաև նշեց, որ նախատեսում են աշխատանքներ տանել հաշմանդամության կարգ ստացած զինծառայողների համար աշխատանք գտնելու ուղղությամբ:
«Որպես օրինակ բարոյական պարտականություն ենք ստանձնել, որ մոտակա շրջանում ՀՀ նախագահի աշխատակազմում ընդունենք երկուսից երեք հաշմանդամ զինծառայող»,- ասաց նա՝ հավելելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Գոռ Դարմանյանին արդեն ընդունել են աշխատանքի: