Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ պաշտոնանկությունները կապված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպի հետ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված բախման։
Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գեւորգյանը, իսկ 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձը), 235-րդ հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, կրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։ Միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը. նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Եւս մեկ անձ՝ Արթուր Վարդանյանը, ձերբակալվել է սպանության փորձ եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։