Տեսանյութ. Ամերիկյան կողմը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները. Պենտագոնի ներկայացուցիչ

«Պաշտպանության նախարարության անունից առաջին հերթին ցանկանում եմ մեր շնորհակալությունը հայտնել Հայաստանի Զինված ուժերի անձնազոհ նվիրվածության համար՝ ամբողջ աշխարհում միջազգային գործողությունների եւ խաղաղապահ առաքելությունների իրականացման գործում»,-նշել է նա:
Լիբանանում, Մալիում, Կոսովոյում եւ Աֆղանստանում հայ խաղաղապահների մասնակցությունը կարեւորում են նաեւ Երեւանում, ընդգծում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը.
«Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի հովանու ներքո անցնող խաղաղապահ առաքելությունները լավագույն գործիքներից են՝ հակամարտությունները, զանգվածային բռնությունները կանխելու համար»:
Խաղաղությունն անգին է, ընդգծում է գնդապետ Մկրտչյանը, եւ դրա պահպանման համար անհրաժեշտ են լուրջ ջանքեր: Այդ մասին Երեւանում երբեք չեն մոռանում, ավելացնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը. «Առաջնորդվելով Հարավային Կովկասում եւ ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման առաքելությամբ՝ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը շարունակում են արդիականացնել մեր զինված ուժերը: Մեր գործընկերների օգնությամբ շարունակվում են բարեփոխումները՝ ուղղված բարձր պատրաստականություն ունեցող զինված ուժերի կառուցմանը»:
Ամերիկյան կողմը նույնպես պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները, նշում է Լորա Քուպերը: Նրա խոսքով, մոտ ապագայում ինքը Երեւան է այցելելու՝ տեղում քննարկելու հարաբերությունների խորացման հեռանկարները. ««Մենք միասին ենք ներդրում կատարում ազատ եւ բարգավաճող Հայաստանի կառուցման գործում»: