Գերմանիայում հայկական մաֆիան ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի այցի ֆոնին. Tagesspiegel
Գերմանական Der Tagesspiegel պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Գերմանիայում հայկական կազմակերպված հանցավորությանն ու դրա ակտիվացմանը:Նշվում է, որ Բունդեսթագի Ձախերի կուսակցությունը դիմել էր դաշնային կառավարությանը՝ փորձելով պարզել՝ արդյոք երկրում գործում են էթնիկ հայերի մասնակցությամբ կազմակերպված հանցախմբեր: Հայտնի է, որ Գերմանիայի իշխանությունները դրական պատասխան են տվել:
«Կառավարության տվյալներով՝ իրավապահները ներկայում 14 հետաքննություն են վարում 42 մարդու նկատմամբ»,-նշում է պարբերականը՝ հավելելով, որ Թյուրինգիա երկրամասը համարվում է հայկական մաֆիայի գլխավոր «բույնը»:
Այսպիսով՝ Գերմանիայի կառավարությունը հաստատում է ավելի վաղ լրատվամիջոցների արած բացահայտումներն առ այն, որ «օրենքով գողերը», հավանաբար, գործում են երկրով մեկ: Դեռևս 2018թ. նոյեմբերին «Շպիգել» պարբերականը հայտնել էր երկրում «հայկական մաֆիայի» ցանցի գոյության մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայկական հանցախմբերի անդամները կասկածվում են փողերի լվացման, խարդախության, թմրաբիզնեսով զբաղվելու, բռնության կիրառման համար: Ներկայում մեղադրանք է առաջադրվել միայն մեկ մարդու:
Գործի հետաքննությամբ զբաղվող Քրեական ոստիկանության դաշնային վարչության եզրակացությունում նշվում է, որ «հայկական մաֆիան» իրոք գոյություն ունի, այն ունի ֆինանսական ռեսուրսներ ու կարող է վտանգ ներկայացնել օրենքի գերակայության համար:
Բացի այդ, դաշնային կառավարությունը հաստատել է 2018թ. լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Գերմանիայում ՀՀ դեսպանը ներգրավված է եղել հայկական մաֆիայի գործով հետաքննությունում: Նշվում է, որ դեսպանն այս գործով որպես կասկածյալ չի անցնում. նա սեփական կամքով 2017թ. Ներքին գործերի նախարարություն է ներկայացել, որպեսզի սկանդալային բացահայտման ֆոնին պաշտպանի իր անունը:
Պարբերականը միևնույն ժամանակ նկատում է, որ «հայկական մաֆիայի» գոյության վերաբերյալ դաշնային կառավարության դրական պատասխանը տեղին չէր՝ հաշվի առնելով, որ այդ օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայում էր: