Հակառուսական նոր «դժոխային» պատժամիջոցներ սենատի կողմից. թիրախում կան նաև Հայաստանում գործող ռուսական բանկեր
Ամերիկացի սենատորները հակառուսական նոր «դժոխային» պատժամիջոցներ են պատրաստում, գրում է Forbes-ը՝ հղում անելով Reuters-ին:
Սահմանափակող միջոցներն ուղղված են ռուսական բանկերի, վառելիքաէներգետիկ համալիրների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխների դեմ:
Նախագիծը պատրաստել են հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն ու դեմոկրատ Բոբ Մենենդեսը:
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են կոշտ պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ, որոնք «աջակցում են արտասահմանում ընտրություններին միջամտության փորձերը», ինչպես նաև ռուսական կիբեր ոլորտի և ֆիզիկական անձանց դեմ, ովքեր «ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի շահերի համար անօրինական և կոռուպցիոն գործողությունների հետ»: Սահմանափակող միջոցներն անդրադառնում են նաև ռուսական պետական պարտքի, ինչպես նաև նավթագազային ոլորտի վրա:
Բացի այդ, ըստ փաստաթղթի, պատժամիջոցներն անդրադառնում են նաև արտասահմանում ռուսական հեղուկ բնական գազի ոլորտում ներդրումներին:
Փաստաթղթում ասվում է նաև, որ խոսքը «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին ակտի» մասին է (Defending American Security from Kremlin Aggression Act, DASKA): Բանկերի թվում են՝ «ՎԷԲ», «Սբերբանկ», «ՎՏԲ», «Պրոմսվյազբանկ», «Ռոսսելխոզբանկ» և «Գազպրոմբանկ»:
Պատժամիջոցների նոր վարկածում միջոցները բաժանվում են 2 տեսակի:
Պատժամիջոցների առաջին խմբում են՝
- ռուսական բանկերը, որոնք ներգրավված են «օտարերկրյա ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը խոչընդոտելու ռուսական փորձերին»,
- ներդրումներն արտասահմանում ռուսական հեղուկ բնական գազի ոլորտում,
- կիբեր ոլորտը,
- քաղաքական գործիչները, օլիգարխները, նրանց ընտանիքների անդամներն ու այլ քաղաքացիներ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի շահերի համար անօրինական և կոռուպցիոն գործողությունների հետ:
Երկրորդ խմբում են՝
- Անվտանգության դաշնային ծառայության 24 գործակալները, ովքեր ներգրավված են Կերչի նեղուցում հարձակմանը,
- ռուսական նավաշինական ոլորտը,
- նավթային ռեսուրսների մշակումն ու դրա աջակցումը,
- արտասահմանում պետական էներգետիկ նախագծերը:
Նշենք, որ պատժամիջոցների թիրախում կան նաև Հայաստանում գործող ռուսական բանկեր: