Զինվորական դատախազ ներկայացած,խարդախությամբ գումարներ հափշտակած հայկական «Օստապ Բենդերը» կալանավորվեց

Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Սարգսյանը դատարանից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ «Հայկական Օստապ Բենդեր» անունը ստացած Ս. Սարգսյանը այլ քաղաքացիներից նույնպես խարդախությամբ գումարներ հափշտակած լինի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հայտնաբերվել է ևս մեկ տուժած, ով Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և Ս. Սարգսյանը նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 5 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ և ՀՀ դրամներ, ինչպես նաև ոսկյա վզնոց։ Կան տեղեկություններ, որ նա Ս. Սարգսյանը հարվածել է այդ կնոջ պարանոցին ու ոտքին և բացահայտ հափշտակել ձեռքի ոսկյա շղթան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների (Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ) ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի (բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ հայտնաբերել են մի խումբ անձանց նկատմամբ խաբեություն կատարած և խոշոր չափի գումարներ հափշտակած կասկածյալին։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս իր զոհերի մոտ ներկայացել էր որպես մեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, մեկ՝ զինվորական դատախազի տեղակալ ու իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի միջոցներով բնակարան ձեռք բերելու համար որպես մայր գումար, (ժողովրդի լեզվով ասած՝ բեհ) քաղաքացուց ստացել էր խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝բերման ենթարկված Ս. Ս.-ն քաղաքացիներից հափշտակել էր տարբեր չափի գումարներ՝ կես միլիոնից մինչև 3 մլն 350 հազար դրամ։ Նշված հանցագործութունը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ քննչական բաժնի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և քննիչ Ավետ Նանագուլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ բերման ենթարկված Ս. Ս.-ն նախկինում դատապարտված է եղել մի շարք խարդախություններ կատարելու համար։ Դատարանի որոշմամբ կալանավորված «Հայկական Օստապ Բենդերն» է, նույն ինքը՝ Սարգիս Սարգսյանը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: