Ռուբեն Վարդանյանի շուրջ բարձրացած սկանդալային պատմությունների հետ ինչ կապ ունեն ՀՀ իշխանությունները
«Փաստ» թերթը գրում է. ««Տրոյկա դիալոգի» և Ռուբեն Վարդանյանի շուրջ բարձրացած սկանդալային պատմություններում ոչ անմիջական, բայց որոշակի դերակատարություն են ունեցել ՀՀ իշխանությունները: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարիներ առաջ հանրությանը հայտնի մի գործիչ, ով քաղաքական դաշտում բավական ժամանակ է ակտիվություն չի ցուցաբերում, առավել ևս հրապարակային գործունեությամբ չի զբաղվում: Այդ իսկ պատճառով հարգում ենք նրա խնդրանքը՝ չհրապարակել անունը:
Սակայն թեման ինքնին ուշագրավ է այն առումով, որ այս օրերին սոցցանցերում ու լրատվամիջոցներում հաճախ է հիշատակվում այն հանգամանքը, որ Վարդանյանն այդքան էլ մեծ ոգևորությամբ չի ընդունել 2018թ. ներհայաստանյան զարգացումները, մասնավորապես, նա իր դժգոհությունն է հայտնել Փաշինյանի ու նրա թիմի մի զգալի հատվածի ոչ այնքան պրոռուսական դիրքավորման վերաբերյալ: Հայտնի է, որ Վարդանյանը համարվում է ռուսական օլիգարխիայի «լյուբիմչիկը», և հենց նրա միջոցով էին վերջիններս ներհայաստանյան «միջոցառումներին» մասնակցում: Ժամանակին նա առանցքային դերակատարություն էր ունեցել նաև Կարեն Կարապետյանի՝ քաղաքական դաշտ մուտք գործելու մեջ:
Մեր զրուցակցի համոզմամբ, Փաշինյանն ու թիմակիցները, հատկապես անցած տարի սեպտեմբերին Մոսկվայում ռուսաստանաբնակ գործարարների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, միջոցներ են փնտրել Վարդանյանին սթափեցնելու, որպեսզի նա քաղաքական ամբիցիաներ չդրսևորի և ուղղակի հարմարվի ստեղծված պայմաններին ու կանոններին»: