Տասնամյակներ շարունակ չբացահայտված մանկան սպանություն.մայրը տարել է դաշտ եւ թողել այնտեղ
Ամերիկյան Հարավային Դաքոթայի նահանգի ոստիկանությունը ԴՆԹ անալիզի արդյունքներով բացահայտել է նորածնի 38-ամյա վաղեմության սպանություն, տեղեկացնում է Fox News-ը։
Մասնավորապես, նշվում է, որ հետազոտության արդյունքներով մանկանը սպանել է հարազատ մայրը՝ 57-ամյա Թերեզա Բենթասը, որին ձերբակալել են մանկահասակ որդու սպանության համար, որը կատարվել է 1981 թվականին։
1981 թվականի փետրվարի 28-ին Սու Ֆոլս քաղաքի եգիպտացորենի դաշտի առվում ոստիկանությունը հայտնաբերել է ծածկոցում փաթաթված նորածին տղայի մարմին։
Մահն առաջացել է,քանի որ երեխան երկար ժամանակ մնացել է բաց երկնքի տակ։
Սպանությունը տասնամյակներ շարունակ չի բացահայտվել, մինչեւ որ դետեկտիվ Մայք Ուեբը գլխի չի ընկել վերանայել այդ հին գործը եւ երեխայի ԴՆԹ նմուշներն ուղարկել լաբորատորիա։
Փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ Թերեզա Բենթասը թաքցրել է հղիությունն ընտանիքից ու ընկերներից եւ երեխային ծննդաբերել մենակ, տանը։ Հետո երեխային մեքենայով տարել է եգիպտացորենի դաշտ եւ թողել այնտեղ։
Կնոջը ներկայացվել է 1-ին եւ 2-րդ աստիճանի միտումնավոր սպանության մեղադրանք։