Մի հատ բորդյուր չեն դրել, մարդկանց ստեղծածն ուզում են քանդել.. Լարված իրավիճակ՝ Օպերայի մոտ

«Ջազզվե» սրճարանի համահիմնադիրներից Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հետ ևս պայմանագիրը խզվում է, իրենց սրճարանն էլ պետք է ապամոնտաժվի:
Պետրոսյանը նշեց, որ բացասական է վերաբերվում սկսված գործընթացին: Նրա խոսքերով, Երևանում կան մեծ թվով տարածքներ, որտեղ հնարավոր է կանաչ գոտին վերականգնել, իսկ քաղաքապետարանը սկսել է պատրաստ օբյեկտներից. «Պայմանագրում կետ կա, որի հիման վրա ցանկանում են խզել, բայց հարցն այն է, որ մեր քաղաքապետը տղամարդկություն չունեցավ հանդիպել սրճարանների սեփականատերերի հետ, հասկանալ խնդիրները: Մենք քաղաքապետարանի նամակին հրավեր պատասխան ենք գրել, որի պատասխանը դեռ չենք ստացել: Մենք նշել ենք, որ ներդրումներ ենք արել, պետք է հասկանայինք, թե ինչ ենք անելու: Բայց արձագանք չեղավ:
Եթե քաղաքապետարանում ինչ-որ մեկին թվում է, որ ինձանից շատ են սիրում Երևանը, սխալվում են: Ես 2000 թվից բիզնեսով եմ զբաղվում ու ներդրումներ արել եմ Հայաստանում, ոչ թե ոմանց նման՝ եվրոպաներում, մասնավորապես՝ Պրահայում (ակնարկում է Հայկ Մարությանին): Ես դեմ չեմ, եթե կանաչապատ գոտիները վերականգնում են, թող հանդիպեն մեզ հետ, զգուշացնեն, որ 10 տարվա պայմանագիրը 3-4 տարի կտևի, մենք կհասկանանք, մեր բիզնեսն այդ ակնկալիքով կանենք: Բայց մեզ չեն տեսել, որևէ քննարկում չի եղել: Մեզ միայն ասել են, որ պետք է 1 ամսում ազատենք տարածքը և այն, որ կադաստրը միակողմանի կասեցրել է պայմանագիրը»:
Պետրոսյանը նշեց, որ ֆինանսական կորուստը շատ մեծ է լինելու, քանի որ 2 տարի առաջ տարածքն ամբողջությամբ վերականգնվել է. «Ես չեմ կարծում, թե սրանից հետո կարելի է ներդրում անել: Հնարավոր է, որ մի բան սարքես, մի օր էլ քաղաքապետն արթնանա ու ասի, որ դա էլ պետք է քանդվի: Միայն տարբեր հայտարարություններ են անում, մի հատ բորդյուր Հայաստանում չեն դրել, մարդկանց ստեղծածն ուզում են քանդել: Ինչպես հասկանում եմ, այնտեղ պրոֆեսիոնալներ չկան: Թող աշխատատղեր ստեղծեն, իմ իմանալով նրանք հենց դրա համար էին եկել, բայց միայն պրոբլեմներ են ստեղծում»: