Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջանի կողմից զորավարժություններ անցկացնելու մասին.Թող ոչ ոք դրանում չկասկածի
Ադրբեջանի կողմից լայնածավալ, չհայտարարված հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն։ Այս մասին մարտի 20-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ում, Ադրբեջանից պահանջվել են բացատրություններ։ Նույնը վերաբերում է նոր զորամասի տեղակայմանը սահմանամերձ գոտում եւ Ադրբեջանի կողմից նռնականետի կիրառմանը։ «Հայաստանը եւ Արցախը վճռական են սեփական պաշտպանության եւ հակամիջոցների հարցում։ Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- ընդգծել է Նաղդալյանը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների մասով կա սկզբունք, որին մենք հետևում ենք , ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ հստակությունը հանդիպման հետ կապված:
«Դեռևս այն փուլը չէ, որ համաձայնեցված կարգով հայտարարենք հանդիպման մասին,- ասաց նա՝ հավելելով, որ Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է միջնորդների հետ և աշխատում է այդ ուղղությամբ,- մենք բարձր ենք գնահատում միջնորդների՝ խնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:
Լրագրողների դիտարկմանը, թե Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ պետք է վերանայել Մադրիդյան սկզբունքները, արդյոք այս դիրքորոշումը համընկնո՞ւմ է ՀՀ-ի դիրքորոշման հետ, Աննա Նաղդալյանը պատասխանեց.
«Պարոն Մայիլյանը հայտնել է՝ որպես Արցախի ներկայացուցիչ, իսկ Արցախը առանձին քաղաքական միավոր է, ունի իր կողմից ընտրված իշխանությունը, ունի իր տեսակետը, և նա արտահայտել է իր կարծիքը՝ որպես Արցախի ներկայացուցիչ»:
Ըստ նրա՝ Արցախի և Հայաստանի միջև այս հարցում չկան հակասություններ, կան հարցեր, և մենք մշտապես համագործակցում ենք արցախյան մեր գործընկերների հետ: «Սա այն հարցերի շրջանակն է, որոնց մասին մշտական երկխոսության մեջ ենք Արցախի հետ»,- ասաց նա:
Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպման օրակարգի մասին, ըստ Աննա Նաղդալյանի, Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: «Հանդիպումը նվիրված է լինելու նրան, թե ինչպես են մեկնաբանվում փաստաթղթում ամրագրված սկզբունքներն ու դրույթները, որոնք վկայակոչվել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասաց նա: