Իտալիայում դպրոցական ավտոբուս հրդեհած ներգաղթյալն ասել է, որ այդ պահին «ծովում խեղդված երեխաների ձայնն է լսել»
![Իտալիայում դպրոցական ավտոբուս հրդեհած ներգաղթյալն ասել է, որ այդ պահին «ծովում խեղդված երեխաների ձայնն է լսել» Իտալիայում դպրոցական ավտոբուս հրդեհած ներգաղթյալն ասել է, որ այդ պահին «ծովում խեղդված երեխաների ձայնն է լսել»](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1553335745_ap.thumb-770x510.jpg)
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Սենեգալից 47-ամյա Ուսսեյնու Սին, որը 2004 թվականին Իտալիայի քաղաքացիություն է ստացել, պետք է դպրոց տաներ 51 աշակերտի ու նրանց ուղեկցող 3 չափահասի: Սակայն վարորդը պատանդ է վերցրել իր ուղևորներին՝ խլելով նրանց բջջային հեռախոսներն ու կարգադրելով ուսուցիչներին կապկպել աշակերտների ձեռքերը, այնուհետ ուղղվել դեպի Միլանի «Լինատե» օդանավակայան: Այնուամենայնիվ, աշակերտներից մեկին հաջողվել է զանգահարել ոստիկանություն, պատմել կատարվածի մասին ու ասել ավտոբուսի ճիշտ գտնվելու վայրը:
Անհապաղ դեպքի վայր են մեկնել հատուկջոկատայիններ, որոնց հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը: Այդ րոպեին Սին բենզին է լցրել տրանսպորտային միջոցի վրա ու հրդեհել այն: Միևնույն ժամանակ, տղամարդը բացականչել է, որ ցանկանում է ինքնասպան լինել, որպեսզի «կանգնեցնի Միջերկրական ծովում մահերը»: Նա նկատի է ունեցել աֆրիկյան երկրներից ներգաղթյալներին, որոնք լաստանավերով փորձում են հասնել Եվրոպայի ափեր ու խեղդվում են ծովում:
Ինչպես նշել է փաստաբանը, Սին ցանկացել է «ցուցադրական գործողություններ» անել, ինչը միջազգային ռեզոնանս կառաջացներ: Հարցաքննության ժամանակ Սին հոգեկան անհավասարակշռության նշաններ է ցույց տվել:
«Ես լսում էի զոհված երեխաների ձայները, որոնք ասում էին ինձ՝ «հանուն մեզ ինչ-որ վառ բան արա»,- ավտոբուսի վարորդի խոսքերն են մեջբերել իտալական լրատվամիջոցները:
Սակայն հարցաքննության ժամանակ տղամարդը փոխել է ցուցմունքները՝ հայտնելով, որ պատրաստվում էր օգտագործել երեխաներին որպես վահան՝ «Լինատե» հասնելու և այնտեղից Աֆրիկա թռչելու համար և որ ինքը չի փորձել վնասել երեխաներին, ինչի մասին իրեն խնդրել են «այդ նույն ձայները»:
Նշենք, որ պատանդների ազատ արձակման գործողության արդյունքում ոչ ոք չի տուժել: