Թուրքական կազմակերպության նախաձեռնությունն Արցախի օկուպացված տարածքներում          «Կառավարություն կոչվածը պետք է անհապաղ պարզաբանում տա Բաթումիում Փաշինյանի անհետացման վերաբերյալ»       Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկանության գնդապետի    

03 ապր 2019 12:56

Պուտինն անձամբ է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում կարող է խաղաղության «ճանապարհային քարտեզ» հայտնվել

Պուտինն անձամբ է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում կարող է խաղաղության «ճանապարհային քարտեզ» հայտնվելՌուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության արևելյան բաժնի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը գործակալության կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին՝ դրա շրջանակում կենտրոնանալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի և դրանց հավանական արդյունքների վրա:

Հեղինակը հիշեցնում է, որ մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումից հետո, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցներ են ունեցել Պուտինի հետ՝ կիսվելով հանդիպման արդյունքների վերաբերյալ իրենց տեսակետներով:

«ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի համատեքստում Վիեննայի հանդիպումից հետո Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունու շրջանակում հեռախոսազրույցների ակտիվացումը չի ընկալվում որպես պատահական երևույթ: Այն ակնհայտ աչքի է զարնում նաև այն պատճառով, որ, ի տարբերություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների ղեկավարների, Ռուսաստանի նախագահն ամենաակտիվն է փորձում նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնմանը: Դա հանգեցնում է այն մտքին, որ կարգավորման գործընթացը, կարծես, Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ նոր փուլ է մտնում՝ չնայած, որ դրա ուրվագիծը դեռևս չի նշմարվում»,-գրում է Տարասովը:

Քաղաքագետը հիշեցնում է, որ հենց Պուտինի անձնական մասնակցության արդյունքում է 2016թ. ապրիլին հնարավոր դարձել դադարեցնել «Քառօրյա պատերազմը», Դուշանբեում Ալիևի և Փաշինյանի միջև շփման գծում լարվածությունը նվազեցնելու շուրջ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Տարասովը նկատում է, որ թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ն այդ ամենի հետ կապ չուներ:

«Բաքվի և Երևանի միջև, ըստ ամենայնի, միջնորդը եղել է ու կա: Ամեն ինչ ցույց է տալիս Ռուսաստանի նախագահի կողմը՝ չնայած, որ այստեղ հանելուկները շատ են: Դավադրության տեսությանը հավատալու ցանկություն չկա, սակայն բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ Ալիևը հենց սկզբից պայմանավորվածությունների գնաց Փաշինյանի հետ, և դա արեց նախքան դեկտեմբերին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը»,-գրում է Տարասովը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ բազմաթիվ ադրբեջանցի փորձագետներ կանխատեսում էին «Փաշինյանի ռեժիմի» անկումը:

Բացի այդ, հոդվածագիրը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հանրապետությունների ձևավորման 100-ամյակի առթիվ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին ուղղված ուղերձները, որում նախազգուշացնում էր «մոտ ապագայում հակամարտության կարգավորման նոր հնարավորությունների ի հայտ գալու մասին»:

«Շատերը վստահ էին, որ Վաշինգտոնը որոշել է ակտիվացնել իր քաղաքականությունը ղարաբաղյան ուղղությամբ, սակայն Մոսկվան սկսեց առաջ անցնել: Ստացվում է, որ Բաքուն և Երևանը Ռուսաստանը դիտարկում են որպես ամենամտերիմ միջնորդ, որը բավականաչափ քաղաքական կամք ունի ստատուս քվոն փոխելու ու խաղաղապահական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար»,-շարունակում է Տարասովը՝ նկատելով, որ Ռուսաստանն այս ներուժը նախկինում էլ ուներ, սակայն չի բացառվում որ դրա ներկայիս ակտիվացումը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ:

Ըստ Տարասովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի հասնելու ցանկություն կա, այդ պատճառով Պուտինը Փաշինյանին և Ալիևին լուռ դրդում է երկխոսության՝ փորձելով փոխզիջման հասնելու նպատակով նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ:

«Թե կոնկրետ ի՞նչ ձևաչափով են դրան հասնելու՝ Մինսկի խմբի միջնորդությա՞մբ, թե՞ Փաշինյան-Ալիև երկխոսության (առանց ԵԱՀԿ ՄԽ-ի) միջոցով, դեռևս սկզբունքային նշանակություն չունի...Իսկ մինչ այդ հստակ տպավորություն է ձևավորվում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում խաղաղության հասնելու համար «ճանապարհային քարտեզ» է ծնվում, որը լավագույնս կբխի հակամարտության երկու կողմերի ազգային շահերից»,-գրում է Տարասովը:

Որպես իր ասածի ապացույց՝ հեղինակը մեջբերում է ամերիկյան The National Interest պարբերականի հոդվածներից մեկը, համաձայն որի ՝ Բաքուն և Երևանը շարունակում են զարգացնել գործընկերային հարաբերությունները Մոսկվայի հետ:

«Բայց նախևառաջ պետք է կարգավորել ԼՂ հակամարտությունը, և դա անել այնպես, որ, ինչպես Պուտինն է ասում, «ո՛չ հաղթող լինի, ո՛չ էլ պարտվող»: Իսկ մինչ այդ ՌԴ նախագահը ցանկանում է հասնել նրան, որ  սկզբի համար Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայի երաշխիքների ներքո իրավական բնույթ ստանան»,-եզրափակել է Տարասովը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր