Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 ապր 2019 22:37

Տեսանյութ.Եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսեց, թող չմտածի, թե ՀՀ-ն, հանձնվելու է. Փաշինյանը՝ Ադրբեջանի հայտարարությունների մասին

Քանի Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ոչ մի բանակցություն արդյունավետ չէ: Եթե այս տրամաբանությամբ նայենք, ապա Վիեննայի բանակցություններն արդյունավետ չէին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Հայաստանը պատերազմ է ուզում, Փաշինյանը պատասխանեց. «Ես այդ թեմային բազմիցս անդրադարձել եմ, մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցող չենք: Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, առավել ևս ապակառուցողական բան չկա, եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսեց, թող չմտածի, թե  Հայաստանը հանձնվելու է: Ով այդպես մտածում է, միամիտ է»:
Վարչապետը նաև շեշտեց, որ պարտադրված պատերազմի դեպքում Հայաստանը պարտադրելու է խաղաղություն. «Մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու: Մեր ուղերձը սա է»:
Հարցին՝ հաշվի առնելով 2016-ի փորձը՝ արդյո՞ք Վիեննայի այս բանակցությունները տալիս են երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի հերթական անգամ գնալ ռազմական գործողությունների վերսկսման ճանապարհով, Փաշինյանը պատասխանեց. «Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշված է՝ կողմերը, վերհիշելով, հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը:
Սա է մեր քաղաքական պայմանավորվածությունը: Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այս քաղաքական պայմանավորվածությունը: Ո՛չ, նման հնարավորություն չկա: Բայց եթե որևէ մեկը դրժի, չի նշանակում, որ չենք պաշտպանվելու»:
Փաշինյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանը ևս չի դրժի այդ պայմանավորվածությունը:
Ինչ վերաբերում է մարդասիրական քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններին, Փաշինյանը նշեց՝ հույս ունի, որ երկու կողմերն էլ կկարողանան երաշխավորել գյուղացիների անվտանգությունը. «Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի, առավել ևս գյուղացիական աշխատանքներ իրականացնող: Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք պահպանել»:
Վարչապետը նաև նշեց, որ կա նաև մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ, բայց սրանց իրականացման համար անհրաժեշտ է երկու երկրների բնակչության ցանկությունը: Ճշտող հարցին, թե խոսքը գերիների հարազատներին տեսակցելու մասին է, Փաշինյանն ասաց՝ այո՛. «Ես կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի, բայց մենք չգիտենք՝ այդ ընտանիքները կցանկական այդ հնարավորությունից օգտվել, թե չէ: Ես չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով մարդիկ չցանկանան օգտվել դրանից: Խոսքը ոչ թե քաղաքական, այլ անձնական պատճառների մասին է»:
Փաշինյանը նաև անդրադարձավ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորմանը և մթերումները դադարեցնելու վերաբերյալ հայտարարությանը. «Ես չեմ կարծում, որ որևէ ընկերություն կարող է Հայաստանի կառավարության, գյուղացու հետ շանտաժով խոսել: Յուրաքանչյուր ընկերություն էլ կարող է ասել՝ մեզնից հարկ եք ուզում, ուրեմն՝ մենք գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր