Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով Հայաստանի հետ բանակցություններն անիմաստ են․Ադրբեջանի նախկին արտգործնախարար
![Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով Հայաստանի հետ բանակցություններն անիմաստ են․Ադրբեջանի նախկին արտգործնախարար](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-04/1555150955_zekztdsg2pibyedv44leq0zk0o.jpg)
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում է հայտնել, որի շրջանակնում անձամբ ես քննարկման որևէ թեմա չեմ տեսնում, բացի նրանց կողմից մշտապես հնչեցվող թեմաներից անվտանգության, հրադարարի ռեժիմի ամրապնդման և այլնի մասին։ Այդ բոլոր թեմաներն իրավիճակի սառեցման են հանգեցնում»,- ասել է Զուլֆուգարովը՝ հավելելով, թե հայկական կողմը կտրականապես հրաժարվում է քննարկել «օկուպացված տարածքների ազատման հարցը» և շարունակում է պնդել բանակցությունների ձևաչափի փոփոխման հարցում։
Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում նախարարների հանդիպման համար որևէ հեռանկար չի տեսնում։
Նախկին արտգործնախարարը բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը պարզաբանել է նրանով, որ ադրբեջական կողմը «պահանջում է ազատել օկուպացված տարածքները», մինչդեռ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նման մտադրություն չունի։
«Նրանց հնչեցրած այդ դիրքորոշումից հետո ցանկացած բանակցություն կորցնում է իմաստը»,- հայտարարել է Զուլֆուգարովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։