Բոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի,թող փորձեն ապացուցել.Ծառուկյանին մանդատից զրկելու հիմքերի մասին

«Եթե կարող են ապացուցել... եթե որեւէ մեկը հայտարարություն է անում որեւէ անձի վերաբերյալ, պետք է ինքը ապացուցի իր ասածը: Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան»,-ասաց Բագրատյանը:
Դիտարկմանը, որ ՔՈ կուսակցությունն իր հայտարարությունում վկայակոչելով այն փաստը, որ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ հրահանգել է ցեմենտի գինը իջեցնել 10 հազար դրամով կամ հրահանգել է աշխատակիցներին աշխատավարձ տալ, ինչը վկայում է, որ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այն, ինչ ասվում է, չպետք է հիմք ընդունել: Պետք է հիմք ընդունել միայն օրենքով քննված դեպքերը: Պետք է քննության առարկան հստակեցնել»:
Հարցին, հնարավոր համարո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է զրկվել մանդատից, Բագրատյանն ասաց. «Դուք վերացական հարցեր եք տալիս: Մենք խոսում ենք առարկայական: Մենք ասում ենք՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի:»:
Պատգամավորը բնական է, համարում, որ Ծառուկյանը հանդիպում է «Արարատցեմենտի» աշխատողների հետ. «Բնականաբար, սեփականատերը պետք է հոգ տանի նաեւ ամեն մի քաղաքացու, հատկապես այն գործարանում աշխատողների մասին, որը հավատարմագրային կառավարման է տվել: Պարոն Ծառուկյանը քաղաքական կուսակցություն է ներկայացնում եւ պետք է սպասարկի նաեւ քաղաքացու շահը»:
Ինչ վերաբերում է ներդրողների հետ տարբեր հանդիպումներին, Բագրատյանն ասաց. «Ներդրողներին ես, դուք, բոլորը պետք է հրավիրենք մեր երկիր եւ փորձենք ապացուցել, որ մեր երկրի գրավչությունը բավարար է ներդրումների համար: Ծառուկյանը հարգված մարդ է եւ եթե իր խոսքը ընդունելի է ներդրողների համար, փորձում է երկրին, հանրությանը օգնել, որ ներդրողներ հրավիրենք եւ փորձենք երկրում աշխատատեղեր ստեղծել»:
Նա նաեւ նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Ծառուկյանին մանդատից զրկելու օրակարգ իրենք չունեն: