Ռուսական համակարգերը վախ են ներշնչում.ինչու է ԱՄՆ-ն վախենում Թուրքիայում ռուսական C-400-ների տեղակայումից
Türkiye պարբերականն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառ դարձած C-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնմանը՝ բացատրելով՝ ինչու է ԱՄՆ-ն վախենում Թուրքիայում դրանց տեղակայումից:
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ռուսական համակարգերը ստանալուց հետո Անկարան կսկսի ավելի ակտիվ և ինքնուրույն քաղաքականություն վարել Մերձավոր Արևելքում:
Türkiye-ն գրում է, որ երբ Թուրքիան Սիրիայի տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման ներկայացուցիչների դեմ գործողություն սկսի, քրդերին աջակցող ամերիկյան բանակը, հաշվի առնելով C-400-ի առկայության փաստը, չի կարողանա օդից օգնել քրդերին:
Նշվում է, որ ռուսական համակարգերը վախ են ներշնչում նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի մոտ դաշնակից Իսրայելին, որը երկարաժամկետ ծրագրեր ունի Միջերկրական ծովում բնական պաշարներով հարուստ թուրքական մայրցամաքային շելֆի նկատմամբ: Այդ հանքավայրերից օգուտ ստանալու հույսեր ունի նաև ԱՄՆ-ն, սակայն C-400-ի առկայության փաստը կխանգարի նրանց ծրագրերին:
Ըստ պարբերականի՝ սեփական շահերի պաշտպանության համար Թուրքիան պետք է հրաժարվի ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի աջակցությունից:
«Ռուսաստանից C-400-ի գնման շնորհիվ Թուրքիան կապահովի Միջերկրական ծովում իր մայրցամաքային շելֆի անվտանգությունը, ռազմավարական առավելություններ կստանա Մերձավոր Արևելքում էներգետիկ աշխարհաքաղաքականությունում, տարածաշրջանում կվերացնի ահաբեկչական խմբերի ներկայությունը, ինչն էլ խիստ կնյարդայնացնի իր ազդեցությունը կորցնելուց վախեցող Միացյալ Նահանգներին»,-եզրափակել է աղբյուրը: