Աշոտյանը թող հանգիստ մնա. ինչու Փաշինյանը Բրյուսելում չի մասնակցել բարձր մակարդակի կոնֆերանսի՞ն. ԱԳ նախարարի պարզաբանումը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողի հարցին, թե Հայաստանում հնչում են քննադատություններ՝ ինչո՞ւ վարչապետը մասնակցեց միայն պաշտոնական ընթրիքին և ոչ բարձր մակարդակի կոնֆերանսին և արդյոք հիմք ունե՞ն այդ քննադատությունները, նախարարը պատասխանել է. «Վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր ղեկավարներ տարբեր մակարդակներով։ Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր։ Ի դեպ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված: Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել հյուրընկալող կողմի հետ։ Այս ամենը նորմալ է։ Այսինքն կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես»:
Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին մասնկացությանը, երկուշաբթի գրել էր. «Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին և համերգին, իսկ քաղաքական միջոցառմանը՝ ընդլայնված ձևաչափով բարձր մակարդակի կոնֆերանսին, Հայաստանը վաղը ներկայացված կլինի ընդամենն արտգործնախարարի մակարդակով:
Այս պահին կարող եմ ենթադրել այս քայլի երեք հիմնական պատճառ, որոնցից և ոչ մեկը սակայն չի արդարացնում Հայաստանի վարչապետի վաղվա բացակայությունը»: