Մտահոգություններ ունենք.ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ վարչապետի հայտարարած դավադիր ուժերի մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե իրականում մտահոգություն ունեն հնարավոր դավադրությունների վերաբերյալ։
«Վարչապետը հնարավորինս պարզ խոսել է դրա մասին։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, դրա մասին շատ բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է, մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, հետագայում ավելի մանրամասն կխոսենք»,- այսօր կառավարության նիստից հետո ասել է Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը մայիսի 20-ին հայտարարել էր ինչ-որ ուժերի առկայության մասին, ովքեր դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ ունեն:
Ենթադրյալ ուժերի մասին անուններ չեն հնչեցվել։ Դատախազություը որեւէ ձեւով չի արձագանքել եւ չի տեղեկացրել քրեական գործ հարուցելու մասին։