ԱՄՆ-ի զգուշացումը Ադրբեջանին՝ հանկարծ չտրվի գայթակղությանը,անկայունության դեպքում թիրախ կդառնան նավթագազային ենթակառուցվածքները.«Ժամանակ»

Բանն այն է, որ 2019-ի մայիսի վերջին օրերին Վաշինգտոնից Բաքու հղած ուղերձներում Թրամփը գերազանցապես խոսում է Ադրբեջանի, այսպես ասած, էներգետիկ նշանակությունից, որպես էներգետիկ միջանցք, և այդ համատեքստում հիշեցնում ռեգիոնալ կայունության մասին: ԱՄՆ նախագահը փաստացի ակնարկում է Ադրբեջանի իշխանությանը այդ երկրի, մեծ հաշվով, միակ միջազգային նշանակության՝ էներգետիկ բովանդակության մասին, և միաժամանակ ակնարկում կամ պարզորոշ ցույց տալիս այդ բովանդակությունը պահպանելու միակ նախադրյալի՝ ռեգիոնալ կայունության մասին:
Ադրբեջանին պարզորոշ ասվում է, որ միայն ռեգիոնալ կայունությունն է, որ Բաքվին թույլ կտա իրացնել իր միջազգային նշանակությունը: Ամերիկյան ուղերձը հստակ է՝ անկայունության դեպքում թիրախ են դառնալու Բաքվի նավթագազային ենթակառուցվածքները, ինչի հետևանքով Բաքուն ուղղակի կորցնելու է իր նշանակությունը միջազգային օրակարգի համար:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Թրամփը Ադրբեջանի նախագահին հիշեցնում է ժողովրդավարական ռեֆորմների անհրաժեշտությունը ու նաև շնորհակալություն հայտնում արցախյան կարգավորմանը «անձնական» ներգրավվածության համար՝ այդպիսով մեծ հաշվով մատնանշելով նաև ռեգիոնալ կայունության և խաղաղության համար Ալիևի անձնական պատասխանատվությունը:
Այս ուղերձները, անշուշտ, հետաքրքիր են ինքնին, հայկական շահերի և անվտանգության խնդիրների, նաև արցախյան հարցի և Մինսկի խմբի համանախագահ երկրների վարքագծի տեսանկյունից՝ առավել ևս համանախագահների ռեգիոնալ նոր այցի, ինչպես նաև Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության համատեքստում, ինչի հնարավորության մասին բարձրաձայնել էր Երևանը: Սակայն Թրամփի ուղերձն ու Ադրբեջանի համար ըստ էության «ցավոտ» կետերի մատնանշումը հատկապես ուշագրավ է ամերիկա-իրանյան հարաբերության ճգնաժամային ֆոնի նոր ալիքի և տագնապալի սպասումների ֆոնին: Վաշինգտոնն այդ ֆոնին փաստորեն զգուշացնում է Ադրբեջանին շնորհավորական ուղերձներով, որ Բաքուն հանկարծ չտրվի Իրանի շուրջ լարվածության աճից բխող որևէ գայթակղության, թե կարող է այդ լարվածությունն օգտագործել ռեգիոնալ սադրանքներ թույլ տալու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: