Սիրուշոն եթե մենահամերգ ունենա, շատ հավանական է, որ այն կկազմակերպվի հենց Արցախում
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի մարզադաշտում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան):
«Ուրախ եմ, որ Արցախում այսպիսի տոնական տրամադրություն է իշխում: Այս միջոցառումը խթան կհանդիսանա, որ տարբեր երկրներից մեծ թվով մարդիկ այցելեն Արցախ, ճանաչեն Արցախն ու արցախցիներին: Ինձ համար շատ կարևոր է, որ ConiFA-ի առաջնության հանդիսավոր բացմանը լինեմ Արցախում: Արցախը հայերի ոգևորության աղբյուրն է: Լիարժեք հանգիստ ունենալու համար ավելի լավ վայր չեմ պատկերացնում, քան Արցախն է»,-մասնավորապես ասել է Սիրուշոն:
ConiFA-ի առաջնության հանդիսավոր բացման համերգին Սիրուշոն հանդես է գալու մի քանի երգով: Նա կներկայացնի նաև մի երգ, որը երբեք չի երգել: Սիրուշոն Արցախում է իր ամուսնու հետ:
Նա նշել է նաև, որ ինքը հասցրել է լինել Շուշիում՝ Ջդրդուզում (Կատարոտ), Հունոտի կիրճում, քայլել Ստեփանակերտի փողոցներով ու հիացել: Երգչուհին Արցախում ունի սիրած վայրեր, ուր ինքը միշտ այցելում է:
Ըստ Սիրուշոյի՝ եթե ինքը մենահամերգ ունենա, շատ հավանական է, որ այն կկազմակերպվի հենց Արցախում:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ երգչուհին տեղեկացրել է, որ մոտ մեկ շաբաթից ինքը պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ Արաբական Միացյալ Էմիրություններում, որից հետ շրջագայություններ կունենա տարբեր երկրներում՝ Կանադայում, Լիբանանում և այլուր: