Քրեական գործը «կարվել է» Մանվել Գրիգորյանի վրա.Պետք է սպասենք՝ անձը մահանա՝ հետո՞ փորձենք մեղավորներ փնտրել

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ամիսներ առաջ պաշտպանական կողմը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի միջոցառումներ կիրառեն և Մ. Գրիգորյանին իր հարազատների միջոցների հաշվին տեղափոխեն բուժման՝ հաշվի առնելով երեսունից ավելի ծանր հիվանդությունները։
«Այդ ընթացքում պետական լիազոր մարմինները նրան տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, և մենք մեր այդ պահանջից հրաժարվեցինք, սակայն, չգիտես՝ ինչու, քրեակատարողական հիմնարկը որոշում է, որ իր մոտ ևս կան այդ բոլոր հարմարությունները, և վերջինս կարող է բուժումը շարունակել այդ դատապարտյալների հիվանդանոցում»,- հավելեց նա։
Ըստ փաստաբանի, երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում ստանալ, պետությունը պոզիտիվ պարտականություն ունի դա թույլատրելու. «Երեկ անձը ստանում էր հերթական բուժումը, երբ քրեակատարողական հիմնարկի կողմից գալիս են և նրան տեղափոխում են։
Մանվել Գրիգորյանին տեղափոխում են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այնտեղ 2-3 ժամ պահելուց հետո, ըստ էության, հասկանալով, որ ստացիոնար այդ պայմանները չկան, առանց վերջինիս համաձայնության՝ հարկադիր տանում են Դատապարտյալների հիվանդանոց»,- երեկվա իրադարձություններին անդրադարձավ փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ պաշտպանական խումբը գիշերը ցանկացել է տեսակցել նրան, բայց չեն կարողացել, քանի որ առանց պատճառաբանության արգելել են. «Միայն առավոտյան ժամը 4-5-ի կողմերը մեզ հնարավորություն տրվեց տեսնելու մեր պաշտպանյալին, ով կրկին ասաց, որ հրաժարվում է Դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալուց։
Այսօր անօրինական կարգով վերջինս պահվում է Դատապարտյալների հիվանդանոցում։ Սա ուղղակի տոտալ խոշտանգման տիպիկ օրինակ է։
Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։ Պետք է սպասենք՝ մինչև անձը մահանա, որ հետո՞ փորձենք մեղավորներ ման գալ»,- նշեց բանախոսը՝ ակնարկելով նաև, որ քրեական գործը «կարվել է» Մանվել Գրիգորյանի վրա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ նորից դիմելու է Եվրոպական դատարան։