Դրանք ո՞վ դառան,դրանք պետք է մայթերի տակով մասկիրովկա եղած քայլեն...ծաղկավոր «բաբչկան» կապել և ճանապարհել քաղաքակիրթ կյանք
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2019/06/maxresdefault-1-2.jpg)
«Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել և նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ նրանք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել:
Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն»,- ասաց նա և ավելացրեց, այն եթե Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո բռնության կոչեր են հնչում, ապա իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա նման բոլոր երևույթներին։
«Երևանի Ազատության հրապարակը փորձում են երթևեկելի գոտի դարձնել, ավտոմեքենաներով ճռիկներ անել, վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում հաստատված է անիշխանություն կամ իրավական համակարգը չկա, կամ թույլ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ նման դեպքերում իրավապահ համակարգը խնդրին ոչ թե պետք է վերաբերվի որպես երթևեկության խախտում, այլ որպես արհամարհանք հասարակության, օրինականության նկատմամբ, ինչով պետք է զբաղվեն իրավապահները, որպեսզի նման արարք թույլ տվող ցանկացած անձ լրջորեն փոշմանի դրա համար։
«Եվ ես այսօր առավոտյան այս թեմայով նաև զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ: Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, ապա այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հարցրեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ԱԱԾ պետ Արթուր Վանյանին, թե արդյոք պարզ է խնդիրը և ստացավ դրական պատասխան։ Այնուհետև նա նաև գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց խնդրին՝ նկատելով, որ փորձ է արվում քաղաքացիների պաշտպանվածության զգացումը խախտել:
«Բռնության քարոզողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր կամ ընդդիմության համակիր: ՀՀ-ում բռնության քարոզող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, որ հաջորդ անգամ բռնության քարոզից առաջ բերանը բացելուց տասն անգամ մտածեն, եթե հետո գնան նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան և այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այլ երկաթյա պետք է լինի»,-ասաց նա և Վալերիյ Օսիպյանին կոչ արեց ձևավորել խումբ, որն ահազանգերին սովորականից տասն անգամ ավելի կարձանագրի և տեսանելի միջոցներ կձեռնարկի:
Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս ողջունեց բռնության դեմ պայքարի պատրաստակամությունը, սակայն կարևորեց խոսքի ազատությունը ևս: «Պատշաճ ու ժամանակին, երբ արձագանք չի լինում բռնությանը, դա չի ունենում կանխարգելիչ նշանակություն»,- ասաց նա և նշեց, որ պատրաստ է համագործակցել այս հարցում:
Նիստում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց տարածված տեղեկությունները, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին և հերթապահություն իրականացրածներին զրկել են վարձի 20 տոկոսի զեղչից: Հարությունյանի խոսքերով, հրապարակումներ են արվում, թե բուհերում քաոսային իրավիճակ է:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, սակայն չեն կարողանում, դրա համար սոցկայքերում են գրում այդ մասին ու մամուլում. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Սա նույն թեզի մասն է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն հարգում, նրանց վարձերը չեն տալիս, հողերը ծախեցին, տվին, առած է, ծախած է, այդ նույն մարդիկ են: Սա ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան: Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում ՀՀ-ի դեմ»:
Փաշինյանը նշեց, որ այդ մարդկանց անուն-ազգանունները կոնկրետ հայտնի է. «Հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս: Այդ գող-ավազակներն այս երկրում իրենց պետք է լավ զգա՞ն: Նրանք պետք է մայթերի տակով մասկիրովկա եղած քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, լրջորեն զբաղվեք այդ հարցով»:
ԿԳ նախարարը նշեց, որ երկու ԲՈՒՀ-ի ղեկավարի հետ է զրուցել, ովքեր ասել են, որ զեղչերի մասով նման խնդիր չկա: Նա նշեց, որ զտումն ամբողջությամբ արվել է, ցուցակները մաքրվել են. «Չեմ բացառում, որ մեկ-երկու հոգի չեն հասցրել դիմել»:
Վարչապետն ասաց՝ ովքեր չեն հասցրել դիմել, հիմա կարող են դա անել: