Տեսանյութ. Միայն Օսիպյանի հետ բանակցելուց հետո ինքնակամ հանձնվեց առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության համար հետախուզվողը

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ մայիսի 30-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի 19-րդ փողոցի 10-րդ տանը նռնակների գործադրմամբ սպանություն և սպանության փորձ կատարելու փաստով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գևորգյանը կենցաղային հարցի շուրջ նշված տանը վիճաբանել էր նախկին կնոջ՝ 44-ամյա Ալինա Ներսիսյանի, վերջինիս ներկա ամուսնու՝ 60-ամյա Իշխան Վարդանյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մ. Գևորգյանը ձեռքին եղած 2 նռնակները նետել էր Ա. Ներսիսյանի , Ի. Վարդանյանի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված, նույն հասցեում բնակվող, 20-ամյա Անահիտ Նահապետյանի և 1-ամյա Ալեն Գևորգյանի ուղղությամբ: Պայթյունի հետևանքով նշված անձինք ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել էին Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նշված անձինք տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Ի. Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ: