Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 հուն 2019 16:38

Կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ է արել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում կրակոցներից

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան թաղամասում գործող սգո սրահ՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար, որտեղ կալանավորը, ժամը 16:00-ին, ուրիշին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել:

Այդ ընթացքում նա հարվածել է սգո սրահի դարպասին, ապա շարունակելով ընթացքը՝ բախվել սգո սրահի մոտ կայանված մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային եւ կանգնել: Ըստ հաղորդման՝ կալանավորի փախուստը կանխելու համար ՔԿ հիմնարկի աշխատակիցները օդում նախազգուշական կրակոցներ են արձակել:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ձեւավորելու եւ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:
Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում եւ օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու եւ շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է հիշյալ ավտոմեքենա, այն արագորեն վարելով շարժվել դարպասի ուղղությամբ եւ փորձել անցնել դարպասի բաց փեղկով, սակայն հարվածել է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվել, եւ նա դուրս է եկել տարածքից:
ՔԿ հիմնարկի աշխատակիցները, փորձելով կանգնեցնել փախուստի դիմած կալանավորին, սկզբում ձայն են տվել, որ կանգնեցնի ավտոմեքենան, զգուշացրել, որ չկանգնելու դեպքում կկրակեն, ինչին նա չի ենթարկվել:
Տեսնելով, որ կալանավորը չի կանգնում եւ շարունակում է ընթացքը՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցներից երկուսն իրենց ամրակցված «Մակարով» ատրճանակով յուրաքանչյուրը երկու անգամ օդ են կրակել՝ կատարելով նախազգուշական կրակոցներ, որից հետո կալանավորի կողմից վարվող մեքենան հարվածել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի եւ կանգ առել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են ՔԿ աշխատակիցները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ արձանագրվել է նշված սգո սրահի դարպասի ձախ փեղկի վնասված եւ կոտրված լինելու հանգամանքը, հայտնաբերվել եւ վերցվել են ավտոմեքենայի կոտրված դետալներ եւ չորս հատ պարկուճ: Հայտնաբերվել է նաեւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում:
Առգրավվել են սգո սրահի տեսանկարահանող սարքերը, ինչպես նաեւ՝ ՔԿ հիմնարկի՝ տվյալ պահին ծառայություն իրականացնող աշխատակիցներին ամրակցված ատրճանակները` դատաձգաբական փորձաքննություն նշանակելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր