Հայաստանի գրոհը «Գազպրոմի» դեմ.Ռուսաստանը պատրաստ չէ գազի գինը իջեցնելու

«Հայաստանյան իշխանությունները Մոսկվայից ցանկանում են գազի գնի իջեցման հասնել, արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարվում, բոլոր վերջնաժամկետներն էլ ավարտվել են, սակայն պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: ՌԴ-ում գազի գնի՝ հուլիսի 1-ից մեկնարկած ինդեքսացիան պատեհ առիթ է, որ պաշտոնական Երևանը վերադառնա խնդրին»,- գրում է Gazeta.ru-ն:
Հոդվածում հիշեցվում է, որ չնայած այն բանին, որ ՌԴ-ն 2019թ. հունվարի 1-ից բարձրացրել է գազի գինը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 150-ից 165 դոլար, հայաստանյան սպառողների համար սակագինը մնացել է նույնը՝ մատակարար ընկերության՝ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմալացման հաշվին:
«Գազամատակարար ընկերությունը մտադիր է կրճատումներ կատարել 6 հազար հոգանոց անձնակազմից: Օպտիմալացման ծավալները գաղտնի են պահվում, սակայն խոսքը 500-1000 աշխատողների կրճատման մասին է: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» օպտիմալացման համար նոր աղբյուրներ այլևս չհայթայթի և արդեն այս տարի սակագնի վերանայման հայտով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչի մասին ավելի վաղ ասել էր հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը»:
Պարբերականը գազի գինը չբարձրացնելու տարբերակներից մեկն էլ համարում է հայաստանյան իշխանությունների կողմից սուբսիդավորումը, ինչը կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դեռ տարեսկզբին:
«Դեռ խոսքը գնում է այն մասին, որ սպառողների համար գազի գինը չբարձրանա, մենք դեռ մեկ տարի ժամանակ ունենք ռուս գործընկերների, «Գազպրոմի», ԵԱՏՄ-ի հետ բանակցելու համար, որպեսզի խնդիրը լուծվի երկարաժամկետ հեռանկարով»,- ՀՀ վարչապետի խոսքն է մեջբերել պարբերականը: Վկայակոչելով ՀՀ կառավարությունում սեփական աղբյուրները, պարբերականը մեկնում է, թե ինչ նկատի ուներ Ն. Փաշինյանը, երբ գազային խնդիրը կապել էր Եվրասիական տնտեսական միության հետ:
Ըստ այդմ՝ քանի որ ՌԴ-ն և ՀՀ-ն ԵԱՏՄ անդամներ են, ապա պետք է հավասար պայմաններ ապահովել թեʹ Հայաստանի, թեʹ Ռուսաստանի բիզնեսի համար: Հիմա դա խնդրահարույց է, որովհետև գազի մեկ խորանարդ մետրի գինն արտադրող սպառողների համար ՀՀ-ում ավելի բարձր է, քան Ռուսաստանում:
«Դա բացասաբար կանդրադառնա արտադրանքի ինքնարժեքի վրա, անառողջ մրցակցություն կստեղծի ԵԱՏՄ-ում: ԵԱՏՄ-ում բիզնեսի զարգացման համար շատ կարևոր են Էներգակիրների ոչ խտրական գները: Բայց Մոսկվան քանի դեռ ոչ մի խոստում չի տալիս, համենայն դեպս հանրային հարթակում այդ մասին կոնկրետ ոչինչ չի ասվել, ՀՀ իշխանություններն անցել են հակահարձակման: Հունիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համակարգին միացումներ կատարելիս խախտումներ կատարելու համար 10 միլիոն դրամով տուգանեց «Գազպրոմ Արմենիային»: Ընկերությունը դրա հետ համաձայն չէր:
«Տուգանքի չափը, իհարկե, չնչին է, սակայն դա «Գազպրոմին» ու Կրեմլին հասցեագրված ազդանշան էր»,- գրել է էլեկտրոնային պարբերականը:
Հոդվածագիրը նկատել է, որ անհասկանալի է, թե առաջիկայում ինչպես կզարգանան իրադարձությունները: Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են, թե գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, նաև խոստացել են արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրել:
«Սակայն արագ լուծում պետք չէ ակնկալել: Բանակցությունների առաջին արդյունքները, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնան հոկտեմբերից ոչ շուտ: Այդ ժամանակ է նախատեսված ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը Հայաստան»,- եզրակացրել է պարբերականը:
Վկայակոչելով փորձագետներին՝ հոդվածագիրն արձանագրում է, որ Ռուսաստանը պատրաստ չէ գազի գինը իջեցնելու:
«Հայաստանը գազն արդեն ստանում է միանգամայն մրցունակ, շուկայականից ցածր գնով, դրանից ավելի էժան միայն Բելառուսն է ստանում, այնպես որ, իջնելու տեղ այլևս չկա: Վրաստանը, օրինակ, ադրբեջանական գազը գնում է 200-215 դոլարով, Թուրքիան՝ 290 դոլարով: Իրանն իր գազը Թուրքիային վաճառում է 300-400 դոլարով: Մյուս կողմից էլ գազի գները ոչ միայն տնտեսական բաղադրիչ են ունենում, այլև մեծ քաղաքականության հարց են լինում: ՌԴ-ին ձեռնտու է միշտ ունենալ հարևանների վրա ազդեցության գործիքներ, անգամ այնպիսի հարևանների պարագայում, ինչպիսիք Հայաստանն ու Բելառուսն են: Նիկոլ Փաշինյանը բարեկամություն է անում ՌԴ հետ, բայց հետևել կրեմլյան հորձանուտին նա պատրաստ չէ»,- պարբերականին ասել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը: Նրա հետ համամիտ է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարինը: Ըստ նրա՝ ՀՀ և ՌԴ միջև տարաձայնությունների առիթներ պարբերաբար կլինեն: «Օրինակ՝ Մոսկվային կատեգորիկ դուր չի գալիս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: ՀՀ ներկայիս իշխանությունները նրան մեղադրում են իշխանության բռնազավթման մեջ: Միևնույն ժամանակ համարվում է, որ Ռ. Քոչարյանի իշխանավարության տարիներին (1998-2008) ռուսամետության հարցում կողմնորոշվածություն կար: ՌԴ-ն ՀՀ իշխանությունների վրա ազդելու լծակներ այսօր ունի: Եվ դա ոչ միայն գազն է, այլ Ղարաբաղի խնդրով անվտանգության երաշխիքները: Հայաստանի՝ հերթական զեղչ ստանալու շանսերը փոքր են»,- ամփոփել է Ալեքսեյ Մակարինը: