Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 հուլ 2019 10:12

Զանգ՝ ՀՀ վարչապետին. Փաշինյան-Պուտին ձևաչափի հարցերի շրջանակը լայն է և չի սահմանափակվում գազով-«Ժամանակ»

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաև, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ:

Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեև հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի արտակարգ գրաֆիկի հետ, որն առաջացել էր հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի առիթով: Ստորջրյա հետազոտական ապարատի հրդեհի հետևանքով զոհվել են դրանում եղած 14 նավաստիներ, որոնց մեծ մասը՝ բարձր սպայական դասի ներկայացուցիչներ: Ռուսաստանի իշխանությունը զգալիորեն գաղտնի է պահում վթարի հետ կապված տեղեկությունը, իսկ փորձագիտական և մեդիաշրջանակները, այդ թվում՝ միջազգային, կասկածում են, որ վթարի ենթարկված ստորջրյա սարքավորումում գտնվող անձնակազմը իրականացրել է գաղտնի օպերացիա, որի հանրայնացում ՌԴ իշխանությունը չի ցանկանում:
Այդ իրավիճակում իհարկե Պուտինը կարող էր չունենալ Հայաստանի վարչապետի հետ ԵՏՄ և երկկողմ թեմաներով կապված հեռախոսազրույցի ժամանակ: Առավել ևս, որ այդ ընթացքում էլ նա պատրաստվում էր Իտալիա և թերևս ավելի շուտ՝ Վատիկան կատարելիք այցին: Հուլիսի 4-ին ՌԴ նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ: Իտալիա այցի ընթացքում եղել է նաև հանդիպում այդ երկրի նախագահի և վարչապետի հետ, սակայն մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Պուտինի բուն այցի նպատակը Վատիկանն էր և Պապի հետ հանդիպումը: Դրա մանրամասները հրապարակված չեն, ու թեև ազդարարվել է, որ թեմաները լինելու են Ուկրաինան և Սիրիան, այդուհանդերձ կասկածից վեր է, որ թեմաները սահմանափակ չեն թե՛ քանակի, թե՛ նաև նշված թեմաները այլ հարցերի հետ փոխկապակցվածության առումով:

Եվ այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է նաև, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում Վատիկան այցից անմիջապես հետո: Ընդ որում, պետք է ենթադրել, որ Փաշինյանին զանգահարել է Պուտինը: Հազիվ թե Հայաստանի վարչապետը Հանոյ այցի ընթացքում փորձեր կապվել ՌԴ նախագահի հետ, եթե չէր հաջողվել կապվել մինչ այդ: 

Բացի այդ, Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Սակայն եթե այն լինում է, այսպես ասած, ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Կրեմլը նախընտրում է շեշտել այն՝ ընդգծելու համար, որ ուզել են խոսել Պուտինի հետ, ոչ թե հակառակը: 

Ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Վատիկան և Իտալիա այցն ավարտելուց հետո, գրեթե անմիջապես հետո ՌԴ նախագահն է կապվել Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիայի ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովի օրակարգի հարցը: Տեղ գտե՞լ է դրանում Երևանի համար ներկայումս կարևոր՝ գազի գնագոյացման խնդիրը, թե՞ Պուտինն այդ հարցը Երևանի հետ կքննարկի երկկողմ ձևաչափով:
Անկասկած է նաև, որ Փաշինյան-Պուտին ձևաչափի հարցերի շրջանակը բավականին լայն է և չի սահմանափակվում գազով, և ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է, իսկ բուն խնդիրը թերևս շարունակում է մնալ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության ճարտարապետության վերափոխման հարցը, որը մարտահրավեր և միաժամանակ կենսական ու կարևոր անհրաժեշտություն է ամենևին ոչ միայն Հայաստանի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր