Առաջարկում եմ ցրենք խորհրդարանը, լինի միայն վարչապետը. Մարուքյանը հեգնեց

«Մի հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու ենք այս օրենքը բերում եւ ՄԻԵԴ ներկայացուցիչն առնաձնանում, ինչի՞ համար, ո՞վ գիտի։ Ասում է՝ ավելի արդյունավետ կաշխատի, ժողովուրդ ջան, չի կարելի սենց բան անել։ Երեկ դեմ քվեարկեցինք, տեղեկություն կար, որ փոխվելու է այդ վիճակը, բայց չի փոխվել։ Ուզում եմ հասկանամ, էս ինչի՞ համար եք առանձնացնում»,- նշեց նա։
Մարուքյանն ի պատասխան այս նախագծի առաջարկեց լուծարել բոլոր մարմինները եւ թողնել միայն վարչապետին եւ իր աշխատակազմին.
«Ես առաջակում եմ ԴԱՀԿ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից եւ մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, ԴԱՀԿ պետին նշանակում է վարչապետը, ես առաջարկում եմ Քրեակատարողական ծառայությունը հանել ԱՆ-ից եւ մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, արդարադատության նախարարը չի նշանակում ծառայության պետին։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություն անել եւ Գլխավոր դատախազությունը լուծարել եւ մտցնել պետական շահերի պաշտպանության վարչություն վարչապետի աշխատակազմի մեջ, առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, բաժիններ ստեղծել վարչապետի աշխատակազմում, նախարարները լինեն վարչության պետեր ու խորհրդարան չգան, լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, ու լինի վարչապետ, դատարաններն էլ կարող ենք լուծարել, վարչապետի աշխատակազմում ստեղծենք արդարադատության բաժին»։
ԼՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց՝ ժամանակին ինստիտուցիոնալ բարեփոխումներից էին խոսում իշխանությունները. «Էս ո՞ւր ենք գնում, բա՞ դուք էիք ասում ինստիտուցիոնալ, բան, բա ինչ եղավ, ուր է, մեկը չկարողացավ հիմնավորել, թե ինչու ենք առանձնացնում։ Իմ առաջարկությունը լրջորեն քննարկեք՝ ԴԱՀԿ, Գլխավոր դատախազություն, դատական իշխանություն, Սահմանադրական դատարանն էլ ներառեք որպես առանձին բաժին վարչապետի աշխատակազմում՝ սահմանդրական արդարադատության հարցերով, էդ էլ գիտեք ով կլինի ղեկավարը»։