Դեռ կպարզենք՝էլեկտրաէներգիայի երեկվա խափանումներում միտում եղե՞լ է, թե՞ ոչ
Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որ նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների հետ կապված, որ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
«Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն անցկացվի, տրվի գնահատական՝ միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ 20:00-ի մոտակայքում ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել Իրանի ու Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցեցին, հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատև կոլապսի առաջ է կանգնում: Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին: Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կա երկու վարկած, որոնց թվում ներքին պատճառներ չկան:
Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ կառավարության նիստից առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կպարզի, թե որոնք են եղել խափանման իրական պատճառները: