Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձևավորումը: Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլև՝ տնտեսական առումով, առևտրի ոլորտներում»։
Համագործակցության մեկ այլ ոլորտ՝ Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձևավորմանը Միացյալ Նահանգների աջակցությունն է: Կոնգրեսական Փալլոնը, ով առաջին անգամ Հայաստան էր այցելել դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ իր հետ բերելով այդ օրերին անհրաժեշտ ամերիկյան օգնություն, իսկ վերջին անգամ Հայաստանում էր Թավշյա հեղափոխությունից ամիսներ առաջ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում, այժմ նշում է, որ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խումբը նախատեսում է հայ և ամերիկյան օրենսդիրների միջև 2019-ին այցերի փոխանակում կազմակերպել:
Ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը հարգող Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևորագույն գործընկեր է, նշում է Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականի խոսքով, ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը.
«Արևմուտքում համոզմունք կա, որ քանի որ Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա և ռուսական զորքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծիրի մեջ է: Ես դրան չեմ հավատում և մենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները, իրականում հասկանում ենք, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում»: