Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 հուլ 2019 13:15

Չհայտարարված այց՝ Իջևանի դեպքերով կալանավորվածներին.առաջադրված մեղադրանքներն անհիմն են,հանցանքի մասին վկայող ապացույցներ չկան

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, առանձնազրույցներ ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ: 
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեական վարույթին և առաջադրված մեղադրանքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք պնդել են, որ քրեական գործում չկան իրենց մեղսագրվող հանցանքի մասին վկայող ապացույցներ, և առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ նրանք նշել են, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմնված են մեկ անձի՝ ոստիկանության ծառայողի, և այն էլ անորոշ ցուցմունքի վրա:

«Ինչպես արդեն նշել ենք նախորդ հայտարարությամբ, այս գործով բերման ենթարկելիս և ձերբակալելիս Ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունք դրսևորելու հարցի առնչությամբ  արդեն իսկ վարույթ է նախաձեռնված: Այս հարցերն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ:

Քրեակատարողական հիմնարկներ այցի ընթացքում բարձրացվել են նաև առողջական վիճակի հետ կապված խնդիրներ, որոնք ըստ բնույթի և անհրաժեշտության քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, քրեական վարույթին ներգրավված փաստաբանի կամ ազատությունից զրկված անձի ընտանիքի անդամների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև կալանավորված անձանց փաստաբանների հետ:
«Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պայմաններից և ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ չեն ներկայացվել:

Արձանագրված խնդիրներն ամփոփվել են և լրացուցիչ գրություններ են հասցեագրվել Դատախազություն, Ոստիկանություն և Արդարադատության նախարարություն:

Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռնարկել օրենքով պահանջվող բոլոր անհրաժեշտ միջոցները»,-հայտնում են ՄԻՊ-ից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր