«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

29 հուլ 2019 14:54

2019թ. հունվարի 1֊ից մինչ այսօր արդեն ունենք 32 մահվան դեպք.Բանակում քայքայման գործընթացը շարունակվում է

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակում ներքին քայքայումը շարունակվում է. անհրաժեշտ են իրական և արմատական քայլեր:
2019թ. հունվարի 1֊ից մինչ այսօր արդեն ունենք 32 մահվան դեպք:
Կրկնակի ցավալի է, որ պաշտոնական տվյալներով հակառակորդի գնդակից զոհվել է 3 հոգի, մինչդեռ 3 հոգու սպանել են ծառայակիցները, 5 հոգու ինքնասպանության են հասցրել, մնացածը զոհվել են պատահարներից կամ մահացել հիվանդություններից:
Բանակում քայքայման գործընթացը շարունակվում է: Հակառակորդը դրսից է հարվածում և հյուծում, ապազգային ու քրեական բարքերը՝ ներսից: Կոռուպցիայի երևացող մասի նահանջը և սննդի ու կենցաղի որոշակի բարելավումը բավարար չէ խորը արմատներ ունեցող այդ համակարգային գործընթացը դադարեցնելու համար:
Նման իրավիճակում պետք չէ զարմանալ, որ երիտասարդները տարեցտարի ավելի ու ավելի քիչ են ընտրում սպայի մասնագիտությունը: Պետք չէ ինքնախաբեությամբ տարվել, թե վերջին տարիներին մի քանի հարյուր հոգի դիմել է «Պատիվ ունեմ» ծրագրին: Ջախջախիչ մեծամասնության համար այդ ծրագիրը ուսման վարձը վճարելու և դրա դիմաց սպայի կարգավիճակով պարտադիր ժամկետային ծառայության խնդիրը լուծելու հնարավորություն է և ոչ ավելին: Շատ քչերն են դրանից հետո շարունակելու սպայական ծառայությունը:
Բանակը՝ որպես համակարգ մնում է Խորհրդային կայսրությունից արհեստականորեն ընդօրինակած կառուցվածքի և մշակույթի վրա՝ զուրկ ազգային առաքելությունից, անհամապատասխան՝ մեր մարտահրավերներին, խորթ՝ մեր ազգային առանձնահատկություններին և մշակույթին, հակառակ՝ մարդկային իրավունքներին ու արժեքներին:
Տարիների ընթացքում նույնիսկ կորսվեց այն ազգայինն ու մարդկայինը, որ ինքնաբուխ կերպով ձևավորվել էր Ազատամարտի ժամանակ:
Առանց այս ազգային հենքի, մեծ ջանքերի գնով կատարվող բոլոր դրական փոփոխությունները տալիս են խիստ մասնակի և կարճաժամկետ արդյունքներ:
Բանակի կայսերական-մնացորդային ներքին էությունն ու բնույթն այդպիսով չեն փոխվում և չեն էլ կարող փոխվել:
Ամենասուրը զորակոչի միջոցով ծառայող 18-20 տարեկանների շրջանում զոհերի պրոբլեմն է:
Ուստի, սկզբի համար, մինչ տարածքային պաշտպանության ենթահամակարգը ներառող Ազգ-բանակ համակարգի ձևավորումը, անհրաժեշտ է արմատապես վերանայել սահմանի պաշտպանությունը՝ Զինված ուժերի կազմում ստեղծելով սպառազինական և տեխնիկական ու տեխնոլոգիական անհրաժեշտ հագեցվածությամբ Սահմանապահ զորքեր՝ զորակոչիկների փոխարեն դրանք համալրելով արհեստավարժ պայմանագրայիններով: Ներկայումս ԱԱԾ ենթակայության տակ գործող սահմանապահ զորքերը, ինչպես նաև ոստիկանության զորքերը, որոնք նույնպես կայսերական մնացորդներ են, պետք է մտնեն նոր սահմանապահ զորքերի մեջ: Մենք ռազմավարական խորություն չունենք, մեր սահմանապահ ծառայությունը պետք է ոչ միայն իրականացնի սահմանի պահպանության գործառույթ և ընդամենը ձևականորեն նախատեսված լինի պաշտպանության համար, այլև մաս կազմի սահմանի և տարածքի պաշտպանության ընդհանուր և միասնական համակարգին՝ որպես ՀՀ ԶՈՒ բաղադրիչ:
Շատ կարևոր են կադրերի և զորային մշակույթի խնդիրները:
Անհրաժեշտ չափանիշների հաշվառմամբ գիտականորեն մշակված ատեստացիոն համակարգի միջոցով հարկ կլինի կազմակերպել սպայական և ենթասպայական կազմի խիստ ընտրազատում, ինչպես նաև նույն չափանիշներին համապատասխանող սպայական դասընթացների միջոցով բարձրագույն կրթությամբ երիտասարդներին ներգրավել զինվորական ծառայության մեջ:
Զուգահեռաբար՝ արժեքային առումով պետք է ապասովետականացվեն ու ազգայնացվեն մարտական և համազորային կանոնագրքերը, կենցաղն ու առօրյան, փոխհարաբերությունները:
Պետք է արմատապես վերանայվի պաշտպանական կրթության համակարգը: Կյանքը ցույց է տալիս, որ մեր իրականության մեջ պաշտպանական կրթության առանձին գոյության պարագայում հնարավոր չէ ապահովել բավարար որակ: Անհրաժեշտ է այն ներառել կրթության ընդհանուր համակարգի մեջ, ինչը, ի թիվս այլ կարևոր հանգամանքերի, կապահովի բարձրակարգ մասնագետներով հագեցում, ինչպես նաև ազգային-կրթական մշակույթ ու մթնոլորտ: Սպաների պատրաստումն օտարերկրյա, առաջին հերթին և հատկապես՝ ռուսաստանյան, հաստատություններում հղի է ազգային անվտանգության սպառնալիքներով և կայսերական վիրուսի փոխանցմամբ, ինչպես նաև խափանում է, ի վերջո, ազգային պաշտպանական կրթություն, գիտություն և կադրեր ունենալու հեռանկարը: Երևույթը պետք է խստորեն սահմանափակվի և վերաբերվի հիմնականում ավագ ու բարձրագույն սպայական կազմին, այն էլ՝ հետագայում դրանից հրաժարվելու միտումով:
Շատ կարևոր է նաև պաշտպանական համակարգի խորհրդային կառուցվածի վերանայումը: Կառավարման հատկապես վերին օղակը գերուռճացած է և ոչ արդյունավետ: Առանձին գումարտակներից կազմված բրիգադային համակարգը և ՆԱՏՕ-ի անդամ պետություններում գործող սկզբունքներով ու չափանիշներով, բայց ազգային առանձնահատկությունների հաշվառմամբ պաշտպանական համակարգի ղեկավարման շղթայի ու ԶՈՒ-ի հրամանատարական շղթայի կառուցումը և ՊՆ-ի ու ԳՇ-ի կառուցվածքային-գործառութային արդիականացումը մի հրամայական է, որ վաղուց պետք է կյանքի կոչված լիներ:
Պետք է ձերբազատվել նաև զինվորական իրավապահ համակարգի կայսերական տարրերից՝ ռազմական ոստիկանությունից և զինվորական դատախազությունից: Շատ հարցերում հարկավոր է վստահել զորամասերի հրամանատարներին, իսկ քրեադատավարական գործառույթները արդյունավետ կլինի փոխանցել ընդհանուր իրավասության իրավապահ մարմիններին:
Ընդհանրապես, հարկավոր է գտնել ռազմականացման և ապառազմականացման ազգային օպտիմումը: Մեր պարագայում այն կայսերականորեն խեղված ու շեղված է ամեն առումով:
Փորձեցի մի քանի շեշտադրումներով ցույց տալ առաջնահերթ անելիքները, որոնք, անշուշտ, պաշտպանական համակարգի արմատական վերափոխման վերաբերյալ մեր ամբողջական ծրագրի մաս են կազմում և բազմիցս ներկայացվել են տարբեր առիթներով։ Եվ, ցավոք սրտի, մինչ օրս մնացել են անարձագանք»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր