Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

01 օգոս 2019 10:58

Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները շոկի մեջ են՝ զանգվածաբար ազատում են աշխատանքից

Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցները հայտարարություն են տարածել.

«Մենք՝ «Սոչիի միջազգային օդանավակայան» ԲԸ-ի աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ օգնության համար: Մեր ձեռնարկությունում արդեն երկորդ տարին է՝ շարունակվում են անձնակազմի կոշտ զտումները ազգային հատկանիշով, այսինքն՝ բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցների:

Ամեն ինչ սկսվել է 2018 թվականին: Առաջին «զտումն» անցկացվել է 2 ծառայություններում՝ Բեռնափոխադրումների կազմակերպման ծառայություն եւ Ավիացիոն անվտանգության ծառայություն: Օգտագործել են վախի ու պարտադրելու մեթոդը, ապա նրանց, ովքեր հրաժարվել են աշխատանքից ազատվել, կրճատել են՝ փոխելով ծառայության կառուցվածքը: Հայկական ազգանուն ունեցող թեկնածուներին կամ չեն դիտարկում կամ պարզապես մերժում են՝ առանց որեւէ պատճառի եւ հիմնավորման: Արդյունքում այդ երկու ծառայություններում առանց աշխատանքի է մնացել ավելի քան 70 մարդ, որոնց թվում՝ միայնակ մայրեր, ընտանիքի միակ կերակրողներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ այլք:

Այսօր ազգային հատկանիշով աշխատանքից ազատումների ալիքը տարածվում է օդանավակայանի բոլոր ծառայությունների վրա: Մինչեւ 2019թ. սեպտեմբերի 1-ը պետք է ինքնակամ հրաժարական տանք, հակառակ դեպքում՝ պարտադրում են դիսցիպլինար տույժով կամ աշխատանքից ազատումով: Օդանավակայանի աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում այնքան դիսցիպլինար տույժ են ստացել, որքան չի եղել օդանավակայանի ողջ պատմության ընթացքում:

Բոլոր աշխատակիցները պարզապես շոկի մեջ են՝ նման կամայականությունից եւ ՌԴ հայազգի քաղաքացիների ճնշումներից: Եվ դա տեղի է ունենում բազմազգ Սոչի քաղաքում, որտեղ դարերով տարբեր ազգի ներկայացուցիչներ են ապրել խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտում:

Ընկերության ղեկավարությանը՝ չնայած Սոչիի օդանավակայանի գերծանրաբեռնվածությանը՝ կապված կայանալիք զանգվածային միջոցառումների հետ («Ֆորմուլա-1» դասի 2019թ. Գրան-պրի եւ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողով), չեն վախեցնում նման իրավիճակների հետեւանքները: Նրանք աշխատանքից ազատում են պրոֆեսիոնալ աշխատակիցների, որոնք ունեն ավիացիոն կրթություն, բազմաթիվ սերտիֆիկատներ եւ օդանավի սպասարկման թույլտվություն: Նրանցից շատերն օդանավակայանում աշխատել են երկար տարիներ: Շատերն ունեն բազմաթիվ միջոցառումների պատվոգրեր ոչ միայն մեր կազմակերպության ղեկավարությունից, այլ նաեւ գերատեսչական եւ կառավարական մրցանակներ տրանսպորտի նախարարությունից, «Ռոսավիացիա»-ից, ՌԴ նախագահից ու այլ կազմակերպություններից եւ գերատեսչություններից:

Աշխատանքից ազատում են նույնիսկ Սոչիի օդանավակայանի հերթափոխի պետ Վլադիմիր Բեգիյանի հարազատ եղբորը (Վլադիմիր Բեգիյանը մահացել է սրտի նոպայից 2018 թվականի սեպտեմբերին Boeing-ի վթարային վայրէջքի հետեւանքների վերացման ժամանակ, Բեգիյանն առաջինն է հասել  դեպքի վայր, օգնել է ուղեւորների տարհանումը եւ համակարգել է օդանավակայանի ծառայությունների աշխատանքը, հետմահու պարգեւատրվել է Ռուսաստանի նախագահի կողմից «Զոհվողների փրկության համար» մեդալով):

Աշխատանքից ազատվածների փոխարեն ընտրում են առանց փորձի, կրթության եւ որակավորման մարդկանց, միայն թե նրանք չունենան հայկական արմատներ: Նույնիսկ հաշվի չեն առնում այն աշխատակիցներին, որոնք իրենց կյանքն են նվիրել ավիացիային, տասնյակ տարիներ անցկացրել Սոչիի օդանավակայանում՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, տարիքից:
Մենք եւ մեր բոլոր գործընկերները, ՌԴ քաղաքացի ենք, Սոչիի բնակիչ, հայրենասեր, նվիրված ավիացիային: ԽՆԴՐՈՒՄ ենք Ձեզ լուծել հարցն ու վերացնել հայերի նկատմամբ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Մենք պարզապես ցանկանում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների եւ թոռների ապագայի կայունության մեջ: Տվյալ խնդիրը վերաբերում է 200 աշխատակցի, մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատվել է, եւ եթե հաշվի առնենք նրանց ընտանիքիներին, ապա խնդիրը վերաբերում է առնվազն 1000 մարդու»:
Ռուսերեն բնագիրն՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր