2050թ. Փաշինյանին հնարավոր չի լինի հաշիվ ներկայացնել՝ ինչու նրա ասածը չիրագործվեց.«Առավոտ»

Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականը վարչապետ չի լինելու, եւ, բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ: Ավելին, հնարավոր է, որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպես անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով: Շատ պարզ, պետք է մշակել եւ սկսել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաջորդ իշխող քաղաքական ուժի մոտ առարկություններ չի առաջացնի: Իսկ դրա համար քիչ է ասել, որ, օրինակ, 2050-ին ուզում ենք Հայաստանում ունենալ 5 միլիոնանոց բնակչություն, պետք է մշակել ներգաղթի ծրագիր, ընդ որում, այն սկսել հաջողությամբ իրագործել, որպեսզի հաջորդ վարչապետն ասի, այո, մենք քաղաքական հակառակորդներ ենք, բայց այս ծրագիրը պետք է շարունակել, հարստացնելով այն այսինչ եւ այնինչ տարրերով: Նույնը վերաբերում է Ստեփանակերտում Փաշինյանի բարձրաձայնած ցանկացած այլ նպատակին: Դրանցից յուրաքանչյուրի տակ պետք է լինեն ծրագրեր:
Ի տարբերություն հոռետեսների, ես չեմ կարծում, որ այդ նպատակներն անիրագործելի են: Պարզապես դրանց իրագործման մեջ պետք է շահագրգռություն ունենա հայաստանյան ողջ հասարակությունը, մեր ողջ ազգը: Իսկ դրա համար դրանք պետք է լինեն պարզ, հասկանալի, ընդունելի: «Ղարաբաղը մերն է» բոլորը համաձայն են եւ պատրաստ են դրա համար պայքարել: «Մերժենք Սերժին» մարդիկ վստահ էին, որ դա կլուծի իրենց խնդիրները: Իսկ հիմա համեմատեք, «կառուցենք իրավական պետություն»` « Աստված գիտի», թե ինչ է դա նշանակում:
…Որպեսզի 2050 թվականին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր, ողջ ազգը պետք է շնչի ֆուտբոլով: Հենց ֆուտբոլով, ոչ թե բուքմեյքերական գրասենյակներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում