Սա 37 թիվը չէ, պատասխան եք տալու
ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստայալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործի քննության այսօրվա նիստին չէին ներկայացել դատակոչված վկաները:
Դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ նրանք ծանուցված են, սակայն ոմանք քաղաքում չեն, ոմանք փոխել են իրենց բնակության հասցեն, և ծանուցումները չեն հասել նրանց:
Պետական մեղադրողը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը և անցնել իրեղեն ապացույցների հետազոտման, զուգահեռ հարցաքննել վկաներին:
Պաշտպան Զարուհի Փոստանջյանը կրկին միջնորդեց փոխել Արմեն Բիլյանի խափանման միջոցը: Նույնպիսի միջնորդություն ներկայացրեց նաև պաշտպան Մուշեղ Շուշանյանը` ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի համար:
Դատավորը բավարարեց պետական մեղադրողի միջնորդությունը՝ ապացույցների հետազոտման կարգը փոխելու մասին, մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը: Ամբստանյալ Արմեն Բիլյանն էլ բորբոքվեց և ասաց, թե «սա 37 թիվը չէ, և այս մեղադրանքի համար պատասխան են տալու»:
Ինչ վերաբերում է Սմբատ Բարսեղյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու Շուշանյանի միջնորդությունը, ապա զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կին Արփինեն ասաց, թե «Սմբատ Բարսեղյանի նմանները չպիտի արևի երես տեսնեն»: Բարսեղյանի կալանքը փոխելուն դեմ էր նաև մյուս զոհված ոստիկանի` Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Կես ժամ անց միջնորդությունը մերժեց: