Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ.հաղթանակած ժողովուրդը չի կարող ընկրկել ատելություն սերմանողի առջև
![](https://www.7or.am/images/news/big/2019/09/1567415563_default.jpg)
«Սիրելի արցախցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն:Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց եւ հերոսաբար զենքով պաշտպանեց այն:
Ջերմությամբ եւ հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու եւ պայքարելու հանուն հաղթանակի եւ անկախ պետականության կայացման:
Այս պատմական օրը եւս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, որոնք իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաեւ սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որեւէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որեւէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջեւ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»: