Ավտոմեքենաները «Փոթի»-ում թալանվում են, մեքենայի որոշ մասեր հանվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման դեպքերում ավտոներկրողները հսկայական դրամական կորուստներ են ունենում, քանի որ «գողացված» մասերը ստիպված են լինում փոխարինել կամ գնորդին մեքենան էժան գնով են վաճառում: Շատ դեպքերում անգամ գնորդները հրաժարվում են գնել մեքենան, եւ ներկրողը ստիպված է լինում այն կանգնեցնել ամիսներով մինչեւ նոր գնորդ ձեռք բերելը: Ընդ որում, ավտոմեքենայի մասերը հիմնականում պակասում են հենց Փոթի նավահանգստում:
Մեքենա ներկրողների կողմից բարձրացրած այս խնդիրը տեւական ժամանակ է` այդպես էլ լուծում չի գտնում: Ավտոներկրող Գագիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս «դարավոր» եւ չկարգավորվող խնդրին, հայտարարեց. «Փոթի նավահանգստում հենց մեքենան բացում են, սկսում են մեքենայից մասեր վերցնել: Մեքենան հասավ Վրաստան, նորմալ է, ինչ լինում է մեքենայի հետ, այնտեղ է լինում:
Նկարներ ունեմ ինձ մոտ, որ Ճապոնիայում գտնվող մեքենան պարզ երեւում է, ամեն ինչ կարգին է, հիմա արդեն դուրս է եկել, բայց գնամ Փոթի այն վերցնելու, պետք է ստուգեմ` դետալներին ձեռք են տվել, թե ոչ: Վրացիները հիմնականում կատալիզատորներն են հանում մեքենայի վրայից ու դրանք վաճառում են, որովհետեւ թանկ է: Դժվար ամերիկացին կամ ճապոնացին կատալիզատոր հանի ու վաճառի»,- նկատեց ավտոներկրողը` ընդգծելով, որ Հայաստան մտնող ավտոմեքենաների մեծ մասը կատալիզատոր չունի, գողացված են:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կատալիզատորների վաճառքը եւս տարածված բնույթ է կրում: Դրանք այստեղ անգամ մեքենայի վրայից հանող ու միաժամանակ գնող ընկերություններ կան, իսկ արժեքը տատանվում է 300-400 հազար դրամի սահմաններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում