Նման հավասարակշռված մարդն ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ.Քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը

Նա, մասնավորապես, գրել է.
«Ես Հայկ Հարությունյանին բավականին լավ ճանաչում եմ։ Վեց ամիս աշխատել եմ իր հետ, ես որպես վարչապետ, ինքը՝ ՆԳՆ նախարար։ 1999-ի լարված իրավիճակներից ելնելով, Հայկ Հարությունյանի հետ շաբաթական երկու անգամ ծրագրված հանդիպել ենք պաշտոնապես՝ ամեն հանդիպումը 2 ժամ տևողությամբ։
Նրա տեսակը հաշվի առնելով՝ քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը: Եթե անգամ այդպես է, Հայկ Հարությունյանի նման՝ գաղութների վարչությունից սկսած, ահռելի օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, հավասարակշռված ու պլանավորող մարդը, ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ՝ ոչ մեկ օրինակով և ոչ մեկ հասցեում։ Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»:
***
Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ «Արարատնյուզ»-ի հետ զրույցում ասել է, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածն իրեն այդքան էլ չի համոզում. «Հայկ Հարությունյանը գիտեր, որ առանցքային դեր ունի 2008 թվականի դեպքերին: Նա այն մարդն էր, որ մոտ էր կանգնած Ռոբերտ Քոչարյանին: Մարտի 1-ի գործի այն հատվածը, որը վերաբերում է ոստիկանության ուժերին, նա է համակարգել: Հետևաբար, նրա հարցաքննվելը դատարանում շատ կարևոր էր»,- հիշեցրել է փաստաբանը: Նրա կարծիքով՝ Հայկ Հարությունյանը գուցե նաև հոգնած լիներ այս իրավիճակից: Մարտի 1-ի գործի վկաները պատրաստ չեն հարցաքննվելու, նրանց այս հարցաքննությունը կարող է դժոխք թվալ: