Գնդակոծության տակ գտնվող Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է
Քիչ առաջ տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը.
«Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. այս պահին, ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն չկա:
Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ»,- ասված է նրա գրառման մեջ:
Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ, որտեղ, ըստ հայտարարության, 16 հայ ընտանիք կա: Նա հայտարարել էր, որ նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: «Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է»,- նշում է նա: