Թափանցիկության միֆը մեկ վայրկյանում հոդս ցնդեց.Կան արդո՞ք այլ նման գաղտնի որոշումներ, հրապարակել

1. Նախարարներին և փոխնախարարներին լրացուցիչ աշխատավարձ տալու վարչապետի գաղտնի որոշման մեջ բացակայում է վարչապետը։ Ստացվում է, որ փոխնախարարն ավելի ապահոված է, ավելի մեծ եկամուտ ունի, քան վարչապետը։ Եթե այս որոշման հիմքում դրված է պետական բարձրաստիճան պաշտոնյաների քիչ թե շատ արժանի բարեկեցիկ կենսամակարդակը ( ինչը օբյեկտիվ խնդիր է), ապա ինչու դա չի վերաբերում վարչապետին։ Կարելի՞ է եզրակացնել, որ վարչապետն ունի եկամտի այլ աղբյուրներ և նրա բարեկեցությունը աշխատավարձով չէ պայմանավորված։ Սա բնական հարց է, որ բխում է հայտնի դարձած գաղտնի որոշումից։
2. Կան արդո՞ք այլ նման գաղտնի որոշումներ։ Եթե մեկ դեպք դարձավ հանրության սեփականությունը, ապա դարձյալ բնական է ենթադրել, որ կարող են լինել բազմաթիվ այլ գաղտնի անակնկալներ։ Ասենք՝ նախկին կոռուպցիոներներից և օլիգարխներից վերցվող գումարների մասին հնարավո՞ր է գաղտնի որոշում, որ չգնան բյուջե, այլ միանգամայն այլ հաշվի համարներ և այլն։ Տեսականորեն կարելի է պատկերացնել գաղտնի որոշումների անվերջ թեմաներ, որոնք ոչ մի կապ չունեն թափանցիկ աշխատելաոճի և ժողովրդի իշխանություն ձևակերպումների հետ։
Նորից ենք շեշտում, այս հարցերը գաղտնի փաստաթղթի և վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետագա բացատրությունների տրամաբանական հետևանքներն են. դա մենք չենք հորինել։ Ի դեպ, խոսնակի պարզաբանումը միայն ուժեղացրեց կասկածները։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»