Երևանում փորձել են 20-ամյա երիտասարդի սպանել. մանրամասներ
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/1549624419_21065.jpg)
2019 թվականի հոկտեմբերի 04-ին՝ ժամը 05:50-ին, «Արմենիա» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Խարբերդի՝ 1989թ. ծնված բնակիչ: Նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նույն թաղմասի 20-ամյա մի բնակիչ՝ 6, 7, 8 և 12-րդ կողերի կոտրվածքների, պնևմոթորաքսի, կրծքային 9 և 10-րդ ողերի բազմաբեկորային կոտրվածքների, ձեռքերի, ոտքերի, դեմքի շրջանների սալջարդերի և քերծվածքների ձևերով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով. վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ բժշկական միջամտության արդյունքում:
-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 30 ամյա տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է վիճաբանության ժամանակ: Բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը, սակայն, իրավապահներին տված բացատրություններում նշել է, որ չի ճանաչում իրեն ծեծի ենթարկած անձանց՝ հրաժարվելով նաև հանցագործության մասին հաղորդում տալ:
Սակայն իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 30-ամյա տղամարդու վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնք բոլորն էլ նույն թաղամասի բնակիչներ են: Պարզվել է, որ նրանցից 20-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է վրաերթի ենթարկվելու արդյունքում, ինչի վերաբերյալ ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդներին վրաերթի ենթարկած անձինք հայտնել են, թե, իբր, տեղի ունեցածը սոսկ վրաերթ է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է դեպքի վայրում առկա նկարահանող տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննության տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նոր Խարբերդ թաղամասում գործող խանութ-սրահի դիմաց հայհոյանք հնչեցնելու շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է ծագել նույն թաղամասի բնակիչների՝ 30-ամյա տղամարդու և 20-ամյա երիտասարդի ու վերջինիս ընկերների միջև, որի ընթացքում իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող դանակը գործադրելու սպառնալիքով, իր երեք ընկերների հետ միասին տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով՝ 30-ամյա տղամարդը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է շրջակա տների բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:
Վիճաբանության ավարտից հետո, վերջինս իր ընկերների հետ ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից, սակայն ծանր տանելով տեղի ունեցածը, 20-ամյա երիտասարդին և վերջինիս ընկերներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր կողմից վարվող ավտոմեքենայով, ընկերների հետ վերադարձել է դեպքի վայր, որտեղ ավտոմեքենան վարել է ճանապարհի բանուկ հատվածում կանգնած 20-ամյա երիտասարդի, վերջինիս ընկերների և վիճաբանությունից հետո դեպքի վայր եկած ևս երկու պատահական մարդու ուղղությամբ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, ունենալով ավտոմեքենան արգելակելու հնարավորություն՝ այն չի արգելակել, և վրաերթի արդյունքում մեքենայի ծածկոցի վրա հայտնված 20-ամյա երիտասարդն ընկել է ավտոմեքենայի անիվի տակ՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ, իսկ ինքը փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը ու կանգ առել, որից հետո ընկերների հետ իջնելով ավտոմեքենայից՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: