Ադրբեջանն ու Թուրքիան դարձյալ զորավարժությունների են պատրաստվում          Սյունիքի և Տավուշի մարզերից ահազանգեր կան, որ թշնամին ակտիվություն է դրսևորում       Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է,Նա այն մարդն է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար    

29 նոյ 2019 16:00

Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա․ ԱԺ-ն քննարկում է բանակում «դեդավշինա» կոչվածը

Ամենածանր վիճակագրություններից մեկը բանակում ինքնասպանությունների թիվն է։ Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց  Նաիրա Զոհրաբյանը՝  ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է խստացնել զինծառայողներին ինքնասպանության հասցնելու համար քրեական պատասխանատվությունը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շեշտադրումը դրել են զինվորական ծառայության ընթացքում ծառայության վայրում կատարված ինքնասպանությունների վրա։
«Խոսքը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության մասին է, երբ ծառայության վայրում զինվորական ծառայության ընթացքում զինվորին պարբերաբար նվաստացնում են»,-ասաց նա։
Պատգամավորը պատմեց, թե ինչպես է իր լրագրողական գործունեության ժամանակ զորամասերում ականատես եղել «դեդավշինայի» դեպքերի:
«Լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են  նրանց վերաբերվում վերադասները, ընկերները։ Բանակում ունենք ինքնասպանությունների տխուր վիճակագրություն: Այո՛, ցավոք սրտի, սահմանին թշնամու գնդակից ավելի քիչ զինվոր է սպանվում, քան բանակում։ Ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով ինքնասպանություններ են տեղի ունենում, որն այդ ենթամշակույթի արդյունք է»,- նշեց  Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այս խնդիրը լրջագույն կարգավորման անհրաժեշտություն ունի։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տևական ժամանակ խնդրի ուղղությամբ աշխատել են նաև մարդու իրավունքների պաշտպանի հետ, ՄԻՊ-ի հերթական զեկույցներից մեկը վերաբերել է բանակում հենց այդ ենթամշակույթին։
«Ոչ կանոնադրական, ոչ արդար հարաբերությունները երբեմն բերում են նրան, որ զինվորն ինքնասպան է լինում: Ցավոք սրտի, վերջին դեպքը տեղի ունեցավ օրեր առաջ, երբ իրավաբանականի ուսանողը գնաց այդ քայլին: Մենք ամեն անգամ չենք կարող ասել՝ դեպքը ցավոտ է և դրանով ավարտենք»,- ասաց պատգամավորը։
Այնուհետև նա ներկայացրեց միջազգային փորձը՝ նշելով, որ, օրինակ, Իսրայելում հատուկ հանձնաժողովներ կան, որտեղ հոգեբաններ են աշխատում՝ այդ վատ ենթամշակույթը վերացնելու համար: Ըստ նրա՝ խիստ մասնագիտացված հանձնաժողովները, որոնք աշխատում են նորակոչիկների հետ, էականորեն նվազեցնում են ինքնասպանությունների թիվը։
Նաիրա Զոհրաբյանը նաև մի զինվորի նամակ կարդաց, որը ինքնասպանություն է գործել և այդ նամակը ներառված է ՄԻՊ-ի զեկույցում. «Մա՛մ ջան, մենակ եմ, կուզեմ, որ ինձ էս վաշտից հանեք,  որ էս վաշտից հանեք՝ ամեն ինչ լավ կլինի։ Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա, մեր զորամասում»։
Պատգամավորի խոսքով՝ սրանք եզակի նամակներ չեն։ «Այսինքն՝ մենք գործ ունենք ենթամշակույթի հետ, որը բանակում կա»,- ասաց պատգամավորը։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են զորամասում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի և այլ եղանակներով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով, իսկ արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց, պետի, հրամանատարի կողմից, միևնույն անձի կողմից՝ պատժել 5-10 տարի ժամկետով, առավել ծանր դեպքերում՝ 7-10 տարի ժամկետով:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր