Ռեպրեսիաների մի ձեւ. Այսինքն, եթե դուք քննադատում եք, այն էլ կոշտ քննադատություն, կպառկեցնեն ասֆալտին

«Անհայտ պատճառներով դիմակավորված անձինք կոպիտ վարվելով անձին բերման են ենթարկում կամ կարելի է ասել նաեւ առեւանգում են»,-հայտարարեց Արսեն Բաբայանը՝ բացատրելով, որ դիմակավորված անձինք, ձեռնաշղթաներով անձին բերման են ենթարկում, եթե այդ պահին հանցագործություն է տեղի ունենում։ Բաբայանն ասաց՝ համոզված է, որ չեն ասելու, որ հենց այդ պահին տեղի էր ունենում հանցագործություն։
«Սա ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու, ռեպրեսիաների մի ձեւ է։ Այսինքն, եթե դուք քննադատում եք, այն էլ կոշտ քննադատություն, կպառկեցնեն ասֆալտին, 6-րդ վարչությունը կտանեն եւ չեք էլ իմանա, թե ինչի համար։ Սա ձեռագիր է, համարները հանած քաղաքացիական մեքենաներով անձանց են բերման ենթարկում»,-ընդգծեց Բաբայանը։
Նա տեղեկացրեց, որ խոսել է ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։
«Ճանաչելով նաեւ Նարեկ Մալյանին , ես համոզված եմ, որ նա չէր կարող թույլ տալ այսպիսի գործողություն , որը նման հետեւանքի կբերեր»,-հավելեց Բաբայանը։
Հիշեցնենք, քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը: